«Կանանց իրավունքների կենտրոնը» մեկն է այն ՀԿ-ներից, որը բռնության ենթարկված կանանց հետ աշխատելու շուրջ 20 տարվա փորձ ունի: ԿԻԿ տնօրենի օգնական Քրիստինա Պետրոսյանը բացատրեց մեխանիզմը, թե երբ եւ ինչպես կարող է կինն ապաստարանում հայտնվել: «Կինը, երբ դիմում է մեր թեժ գծով եւ հրավիրվում է մեր ճգնաժամային կենտրոն, տեղի է ունենում դեպքի գնահատում: Դեպքի գնահատումից հետո, եթե իր առողջությանը կամ կյանքին անմիջական վտանգ է սպառնում, ապա ինքն ուղղորդվում է ժամանակավոր ապաստարան, որոնք 3-ն են: Կինն այդ ապաստարանում ոչ միայն հնարավորություն ունի ժամանակավորապես ապաստան գտնելու եւ հաղթահարելու հոգեբանական ճգնաժամը, այլ նաեւ դուրս գալ, աշխատել, որոշակի գումար կուտակել, միառժամանակ անց իր գումարով բնակարան վարձակալել եւ տեղափոխվել այդտեղ կամ էլ իր որոշմամբ՝ այլ վայր, քանի որ մենք երկար ժամանակով չենք կարող կնոջն այդ ապաստարանում պահել»,- ասաց Պետրոսյանը:
Բայց որոշ կանայք կարող են, շահադիտական նպատակներից ելնելով, բեմադրել ընտանեկան բռնություն եւ կեղծ զոհի կարգավիճակով դիմել ԿԻԿ՝ լուծելու իրենց ապաստարանի խնդիրը: Պետրոսյանը բացառեց այդ տարբերակը՝ նշելով, որ իրենց մոտ աշխատում են փորձառու մասնագետներ, ովքեր հատուկ թրեյնինգներ են անցել եւ ունեն իրավիճակի գնահատման համակարգ:
«Այսինքն՝ եթե կինը զանգում է թեժ գիծ, գործում է առաջնային գնահատման համակարգը: Երբ նա հրավիրվում է ճգնաժամային կենտրոն, իր դեպքը նույնպես գնահատվում է, եւ այստեղ բեմադրության մասին խոսք գնալ չի կարող: Փողոցից հենց այնպես կինը չի կարող տեղափոխվել ապաստարան, քանի որ գործում են հստակ չափանիշներ, թե երբ կարող է տեղափոխվել ապաստարան, երբ՝ ոչ: Մենք 20 տարի է՝ աշխատում ենք ոլորտում, եւ չի եղել դեպք, երբ բեմադրված ընտանեկան բռնության հիման վրա կինը տեղափոխվի ապաստարան»:
Որքա՞ն ժամանակ կարող է կինը մնալ ապաստարանում: Ըստ Քրիստինա Պետրոսյանի՝ դա կախված է կնոջ դեպքից, թե ինչ ընթացքով է այն զարգանում: «Կանայք կան, ովքեր սոցիալապես վատ վիճակում են, մնում են այնքան, մինչեւ կարողանան իրենց համար կեցավայր գտնել, կան կանայք, որոնց ծնողներն արտերկրում են, եւ մինչեւ նրանց տուն տեղափոխվելը մնում են ապաստարանում»:
ԿԻԿ-ը կապ չի պահպանում, այսպես կոչված՝ բռնարարների հետ, փոխարենն ակտիվ համագործակցում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների հետ, սակայն չի ուղղորդում կամ պարտադրում բռնության ենթարկված կանանց՝ բողոք ներկայացնել ոստիկանությանը: «Դա կնոջ որոշումն է՝ բողոքել, թե ոչ, անհրաժեշտության դեպքում մենք ապահովում ենք փաստաբանի ծառայությամբ: Մենք չունենք նաեւ կնոջը տուն վերադառնալու խորհուրդ տալու, ուղղորդելու իրավասություն եւ հարգում ենք կնոջ ցանկացած որոշում: Կինն ինքն է որոշում, թե իր համար որ ելքն է ճիշտը: Այո, շատերը վերադառնում են ընտանիք՝ ելնելով նաեւ իրենց ամուսիններից տնտեսական կախումից: Դեպքեր ունենք, որ ապաստարանում մնալուց հետո կինն այնքան է հզորացել, որ լրիվ ուրիշ կին է վերադարձել, եւ ամուսինն այլեւս չի կարողացել բռնանալ իր վրա»,- ասում է Պետրոսյանը:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում