Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր գյուղի բնակիչները 100 տոկոսով տեղյակ են, որ այլեւս չեն կարող ձեռք բարձրացնել իրենց երեխաների եւ կանանց վրա». Կիրանցի գյուղապետ. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 08,2017 11:34

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի քննարկումը խորհրդարանում բավական բուռն ընթացավ։ «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի մի քանի գյուղապետերից փորձեց պարզել, թե նրանք ինչպես են վերաբերվում նման օրենք ունենալու գաղափարին։

ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով օրինագծին, հայտարարեց. «Կնոջը չեն ծեծում, այլ սիրում են։ Ինչպե՞ս կարելի է կնոջը ծեծել։ Մեր գյուղի բնակիչները 100 տոկոսով տեղյակ են, որ այլեւս չեն կարող ձեռք բարձրացնել իրենց երեխաների եւ կանանց վրա։ Արդեն այնքան սիրալիր են իրենց կանանց հանդեպ, որ հնարավոր չէ պատկերացնել։ Առանց կատակի, մեր գյուղերում նման բան չկա։ Այնպես չի եղել, որ տղամարդը կին ծեծի, իսկ երեխաներին էլ՝ առավելեւս։ Մենք մեր գյուղում օրենքը խախտողներ չենք ունենա»։

ՀՀ Սյունիքի մարզի Օխտարի գյուղապետ Վաղարշակ Համբարձումյանն էլ, անդրադառնալով այս օրինագծին,  հայտարարեց, որ օխտարցիները այլեւս բռնություն չեն կիրառում իրենց կանանց նկատմամբ։ «Բոլորը գիտեն, որ չի կարելի բռնություն կիրառել կնոջ երեխաների նկատմամբ։ Եթե փորձեն էլ, ես իրենց ականջները կպոկեմ (ծիծաղում է-Ս.Հ.)։ Առանց կատակի, մեր գյուղի տղամարդիկ իրենց կնոջ ու երեխաների նկատմամբ երբեք բռնություն չեն գործադրում, այլ մեծարում են։ Սիրում են, սիրում… Ասեմ Ձեզ, որ բնակիչները զարմացած են, անընդհատ կրկնում են՝ ասելով թե ամոթ է, որ նման նախագիծ են ընդունում, քանի որ մենք նորմալ մարդիկ ենք, մեզ մոտ այլեւս նախնադարյան թվերը չեն։ Մերոնք իրենց կանանց մեծարում են»,- ծիծաղով նկատեց Վ. Համբարձումյանը։

«Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես է վերահսկելու, որ մարդիկ օրենքը չխախտեն, գյուղապետը արձագանքեց. «Օրենքը խախտելու դեպքում պատրաստ ենք տղամարդկանց ականջները ձգելուն, տուգանելուն։ Եթե չի հասկանում, ապա պետք է ականջները ձգենք,

բայց տղամարդու ականջները, ոչ թե կնոջինը…. (ծիծաղում է-Ա.Հ.)։ Իսկ եթե կինն է տղամարդու նկատմամբ բռնություն կիրառելու, ապա դա օրինաչափ է (ծիծաղում է- Ս.Հ.)։ Դա կարելի է, ընդունվում է։ Այ, առաջարկում եմ, որ այդ կետը ներառեն օրենքում։ Ես խնդրում եմ Ազգային ժողովին, որ այդ հարցը եւս քննարկեն…»։

Սյունէ ՀԱՄԲԱՐԶՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031