Պաղեստինի ղեկավարությունը հրաժարվում է հանդիպել ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ՝ այդպիսով իր բողոքը հայտնելով ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: Այս մասին հայտնել է ՖԱԹՀ-ի ներկայացուցիչ Ջեբրիլ Ռաջուբը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դեկտեմբերին Փենսը պատրաստվում է այցելել Իսրայել, ավանդույթի համաձայն՝ հանդիպում է նախատեսվում նաև պաղեստինյան տարածքներում:
«Մենք չենք ընդունի ԱՄՆ փոխնախագահին պաղեստինյան տարածքում՝ ի պատասխան օկուպացված Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման»,- ասել է Ռաջուբը:
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Երուսաղեմը պաշտոնապես ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք և հանձնարարեց սկսել Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատան տեղափոխման գործընթացը Երուսաղեմ:
Իսրայելը Երուսաղեմը համարում է իր մայրաքաղաքը, մինչդեռ միջազգային հանրությունը դա չի ճանաչում: Պաղեստինցիները Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ