Խորհրդարանն այսօր 97 կողմ ձայնով հավանություն տվեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին: Այն վերաբերում է սահմանից ավելացված արժեքի հարկի հետ գանձմանը:
Գործող օրենքով, որն արդեն մոտ 20 տարվա պատմություն ունի, ներկրողներն ԱԱՀ-ն վճարում են հենց սահմանին: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նկատեց. «20 տարի ապրանք ներկրողներից 8,5 միլիարդ դոլարի տոկոսներ են տարել: Բիզնեսմենները առանց տոկոսի վարկավորել են պետությանը»: Ինքն անցած տարիների ընթացքում երկու անգամ այս նախաձեռնությամբ հանդես է եկել: Կառավարությունը մերժել է:
Պատգամավորն ասաց`ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում փոխզիջումային կարգով հարցն ընդունվել է, որպեսզի 2018-ի բյուջեի վրա բեռ չլինի եւ համապատասխանեցվի ԵԱՏՄ-ի ընթացակարգերին, այն կգործի 2019 թվականից: Այսպիսով, 2019 թվականի հունվարի մեկից, ներկրողներից սահմանի վրա ավելացված արժեքի հարկ չի գանձվի, գանձումը 50 օր կհետաձգվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ