Արշակ Սադոյանը զարմանում է` «Ո՞նց կարելի է քայլել մի պետության հետ, որի ղեկավարությունը մարդկանց արյան վրա փող աշխատելը համարում է սովորական բիզնես»:
Այն հաղորդումները, որոնք հեռարձակվեցին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ եւ հետո ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքով եւ «Գազպրոմի» սեփականություն HTB հեռուստաալիքով, ընդդիմադիր նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը համարում է Ռուսաստանի Դաշնության պետական-պաշտոնական տեսակետ: «Առավոտի» հետ զրույցում Արշակ Սադոյանը նկատեց. «Բոլորն էլ հասկանում են` Ռուսաստանում այսօր «ազատ հեռուստաընկերություն» գաղափարը չկա: Ուստի ռուսական ալիքներով հեռարձակվող հաղորդումների ճնշող մեծամասնությունը պատվերով համերգի շրջանակում է: Եվ ի զարմանս նույնիսկ Պուտինի կրեմլյան իշխանավորների՝ Հայաստանի Հանրապետությունը համարձակվեց ինքնուրույն քայլ անել: Դաժան էմբարգոյի պայմաններում ՌԴ-ն շատ խղճուկ իրավիճակում է հայտնվել: Նույնիսկ Բելառուսն է այս ու այն կողմ քայլեր անում: Ու այս իրավիճակում Հայաստանի նման քայլը շատ ծանր էր իրենց համար: Մյուս կողմից էլ` իրենք դրա դեմն առնելու հնարավորություն չունեին»:
Հիշեցնենք, այդ հաղորդաշարերի ընթացքում Հայաստանն ու հայերին անվանեցին «ֆաշիստներ, Ռուսաստանի թշնամիներ», համեմատեցին սիրեկան փնտրող կնոջ հետ:
Արշակ Սադոյանն ասում է` ռուս ժողովուրդը սովոր է ապրել վերեւից եկող հրամաններով, իսկ վերեւում նստածները ժողովրդի մշակույթի, էության հետ հեռավոր առնչություններ գրեթե չունեն: Հիշեցնում է` ռուս ժողովուրդն իր արյունից ղեկավար չի ունեցել, իրենց ցարերի մեջ նույնիսկ սլավոնական արյուն չի եղել, հետո Լենին, Ստալին, վերջում, գուցե, մեկ-երկուսը, բայց ոչ էական. «Ու երբ ասում են` ռուս ժողովուրդը շովինիստ է… մուժիկի վեջը չի: Էդ կրեմլյան իշխանավորներն են այդպիսին: Բայց ամենացավալին այն է, որ կրեմլյան իշխանավորները, որոնք ատոմային ռումբ ունեն, այնքան են լկտիացել, որ չեն հասկանում` 21-րդ դարում ի՞նչ է կատարվում, ո՞ւր են գնում: Ավելի ցավալին այն է, որ դա զուգորդվում է նաեւ անհատական հարստություն դիզելու մոլուցքով»: Մեր զրուցակիցը համամիտ չէ այն վերլուծաբանների հետ, ովքեր կարծում են, թե ՌԴ-ն ցանկանում-փորձում է վերականգնել Խորհրդային Միությունը եւ այդ իսկ պատճառով Ադրբեջանին ձգտում է տանել ԵԱՏՄ:
Ինքն ասում է. «Եթե Պուտինին անձամբ հայտնի է, որ Ադրբեջանին զենք տալը նշանակում է նրան հեռացնել Ռուսաստանից եւ մղել դեպի Թուրքիա, քանի որ հզոր Ադրբեջանն իր եղբայր թուրքի հետ կդաշնակցի, բնական է, որ Ադրբեջանին զինելը ոչ թե ՌԴ-ին կապելու, մոտեցնելու հեռանկար է, այլ հակառակը՝ խանգարող հանգամանք է: Էդ զենքը տալիս է ոչ թե նրա համար, որ Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ կամ հրաժարվի Թուրքիայից, այլ թքած ունենալով նույնիսկ ռուսական մեծապետական շահերի վրա՝ զենքը վաճառում է զուտ գումար աշխատելու համար: Զենքի վաճառքն աշխարհում երկրորդ եկամտաբեր գործն է` թմրանյութերից հետո: Նվազագույն եկամտաբերությունն ինքնարժեքի հետ համեմատած` 1/3-ի է: Այսինքն՝ 6 միլիարդ դոլարի զենքի վաճառքից 2 միլիարդը կգնա գործարաններին, 4 միլիարդը` բանակի վերնախավին, դրանից առնվազն 1,5-2 միլիարդ դոլարն անձամբ Պուտինի գրպանը կմտնի: Սրանից հետո ի՞նչ Հայաստան, ի՞նչ ռազմավարական գործընկեր…»:
Այս ամենի հանրագումարում Արշակ Սադոյանն ուղղակի զզվելի է համարում, որ Հայաստանում դեռ գտնվում են իրենց մտավորական համարող մարդիկ, ովքեր այս ամենին փորձում են արդարացումներ գտնել: «Ոչ ոք չի համարձակվում հստակ ասել մի բան` ո՞նց կարելի է քայլել մի պետության հետ, որի ղեկավարությունը մարդկանց արյան վրա փող աշխատելը համարում է սովորական բիզնես: Ապրիլյան պատերազմը գիտենք, թե ինչու, ինչպես եղավ: Եթե պատերազմներ հրահրելը արցախյան ֆրոնտում, Սիրիայում, Ուկրաինայում ընդամենը հնարավորություն է, որ զենքի վաճառքն ավելացվի, որ Պուտինը 1,5 միլիարդ դոլար էլ իր գրպանը դնի… ավելի վտանգավոր բան չկա»,- ասում է Արշակ Սադոյանը` հավելելով, որ բոլոր իրենց մտավորական հորջորջողները` լինեն նրանք «Գրիբոյեդով» ակումբի անդամ, թե Գոգոլից ու մյուսներից խոսողներ, հստակ պետք է հասկանան` չի կարելի, որ պետությունը ապագայի կերտման ճանապարհ ընտրի «վտանգավոր, զազրելի, զզվելի սկզբունքներով ղեկավարվող պետության հետ»: Դիտարկմանը, որ հենց իշխանության ղեկին ու իշխանության գլխին կանգնած մարդիկ են մտածում, որ ՀՀ-ն առանց ՌԴ-ի չի կարող գոյատեւել, մեր զրուցակիցը արձագանքեց. «Ճիշտ եք: Բայց երեւի այնքան ակնհայտ էր 6 միլիարդ դոլարի զենքի վաճառքի պատմությունը, որ մարդիկ, մանավանդ Արցախի հետ անմիջապես առնչվող, արցախյան ծագում ունեցող մեր ղեկավարները հասկանում են… առավել եւս, երբ Լավրովի պլան, Պուտինի խոսքեր… Բնական է, նրանք գիտեն` եթե այս անգամ էլ ենթարկվեն, հետագայում կենդանի չեն մնա ուղղակի»: Նկատեցինք` շարունակում են ենթարկվել: «Բայց այդքան էլ չեն ենթարկվում, որովհետեւ, վերջիվերջո համարձակվեցին ԵՄ-ի հետ այդ պայմանագիրը ստորագրել»,- եղավ պատասխանը: Դիտարկմանն էլ` ստորագրեցին, քանի որ ինչպես Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո ռուսական լրատվամիջոցները գրեցին` «Պուտինը թույլ էր տվել»:
«Ես զարմանում եմ, որ մենք ներքուստ այնքան հոգեբանորեն ստրկացել ենք, որ նույնիսկ մեր մտավորականները մեզ եւ իրենք իրենց խաբում են, որ Պուտինը թույլ էր տվել: Պուտինը ոչ միայն թույլ չէր տվել, այլեւ Պուտինն ու Կրեմլն ամեն ինչ արեցին, որ դա չլինի: Ստորագրելուց երկու օր առաջ նույնիսկ Լավրովը եկավ` չկարողացավ: Դարդիման՝ իրենց «Զվեզդային» ու HTB-ին ստիպեցին նման հաղորդումներ անել: Մեզ ոչ միայն թույլ չտվեցին, այլեւ մեզ անպատվեցին, որ դա արեցինք: Անպատվեցին Կրեմլի գրչակները: Ով այսքանից հետո կխոսի թույլ տալու մասին, դա ուղղակի խղճուկ փորձ է՝ դեռ ցույց տալու, թե Ռուսաստանն այնքան ուժեղ է, եւ Հայաստանը առանց նրա չի կարող որեւէ քայլ անել, մեզ պիտի թույլ տան: Մեզ թույլ չեն տվել: Մենք դա արել ենք մեր շահերից ելնելով, եւ ես ողջունում եմ այս իշխանությունների կողմից արված այդ քայլը: Շատ ուրախ եմ, որ վերջապես գոնե համարձակվեցին ոտքը մի քայլ այն կողմ անել` գծված օղակից այն կողմ: Շատ ուրախալի է, որ ՌԴ-ն, Կրեմլն այնքան դաժան ու խեղճացած վիճակում է` պատժամիջոցների հետ կապված, որ ուղղակի չի կարողանում ազդել: Դարդիման` միայն անպատվում եւ փնովում է»,- ասաց Արշակ Սադոյանը:
Նա համամիտ չէ, որ ՌԴ-ին ձեռնտու էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր որակը, քանզի սա իր համար եւս փրկօղակ է` իր նկատմամբ շարունակվող պատժամիջոցների պարագայում:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
07.12..2017