Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոսկվաբնակ երգչուհու բողոքը դատարանը բավարարեց

Դեկտեմբեր 08,2017 14:30

Շատ քիչ դատարաններ կան, որտեղ որոշումները լինում են
պատճառաբանված եւ ոչ ձեւական

Մոսկվաբնակ երգչուհի Լիա Սարգսյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ Ռուզաննա Ղազարյանի եւ Դավիթ Պետրոսյանի կողմից խաբեությամբ իր եւ հոգեկան հիվանդությամբ տառապող եղբորը պատկանող Թումանյան փողոցի վրա գտնվող բնակարանը հափշտակելու, կեղծ սնանկության հատկանիշներ ստեղծելու եւ մեկ միլիոն դոլարի վարկային միջոցները նշյալ անձանց կողմից փոշիացնելու մասին: Ոստիկանության բաժնի հետաքննիչ Դավիթ Բաբինյանն այս տարվա օգոստոսի 28-ին իր որոշմամբ մերժել էր քրեական գործ հարուցել, պատճառաբանելով, թե նշյալ անձանց միջեւ վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ: Գործի նյութերից աննկատ հեռացվել էր Լ. Սարգսյանի կողմից տրամադրված եղբոր՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու մասին բուժհաստատության կարեւորագույն փաստաթուղթը:

Երեւանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի սեփականատեր են հանդիսացել Լ.Սարգսյանի մայրը, հոգեկան խնդիրներ ունեցող եղբայրը՝ Ռ. Սարգսյանը, եւ Լիա Սարգսյանը: Հինգ տարի առաջ Ռ. Սարգսյանը բնակարանը մեկ տարով գրավ է դրել իր ծանոթի ծանոթին: Եվ ըստ բողոքաբերի, ծանոթները խոստացել են ժամկետը լրանալուն պես վերադարձնել Թումանյան փողոցի շենքերից մեկի 78, 3 քմ բնակարանը:
Բողոքի քննությունն ավարտվել է:

Ըստ դատարանի կայացրած որոշման պատճառաբանական մասի. «Միայն պատշաճ քննությամբ եւ նշված հանգամանքների պարզման արդյունքները հնարավորություն կտային վարույթն իրականացնող մարմիններին հանգելու պատճառաբանված եզրակացության քաղաքացիներ Դ, Պետրոսյանի եւ Ռ. Ղազարյանի արարքում հափշտակության, կեղծ սնանկության եւ առեւտրային կազմակերպության ծառայակցի կողմից կարգադրիչ լիազորությունները չարաշահելու, հանցակազմերի առկայության կամ բացակայության, բնակարանի նկատմամբ Լ. Սարգսյանի եւ այլոց սեփականության իրավունքի զրկման հարցը հանրային տիրույթում քննելու կամ չքննելու անհրաժեշտության վերաբերյալ: Եվ միայն այդ պարագայում էր հնարավոր դիմողներին մատնացույց անել ենթադրաբար խախտված գույքային իրավունքները բացառապես մասնավոր տիրույթում լուծման ենթակա լինելու ճանապարհը»:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց մոսկվաբնակ ճանաչված օպերային երգչուհու՝ Լիա Սարգսյանի բողոքի կապակցությամբ կայացրած որոշումը:
Բողոքը բավարարվեց: Որոշեց վերացնել նախապատրաստած նյութերով քրեական գործը մերժելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչի որոշումը:
Դատարանը փաստեց, որ պատշաճ քննություն չի կատարվել:

Դատարանը ուշադրություն էր հրավիրել դատավարական կարգավիճակ ունեցողների եւ իրավաբանական օգնություն ցուցաբերողների կողմից արված հաղորդումներին ու հետագա բացատրություններին. «Դեպքի փաստական հանգամանքներին եւ դրանց առնչվող անձանց արարքներին տված որակումները կարող էին նաեւ ճշգրիտ չլինել, մասնավորապես, դիմողը կարող էր խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը գույքային վնաս պատճառելը թյուրիմացաբար «որակել» որպես նույն եղանակներով կատարված հափշտակություն, դժվարանալ որոշակի գործողությունները ճիշտ «որակելու» հարցում: Այսինքն՝ տվյալ դեպքում վարույթն իրականացրած մարմինը, նյութերի նախապատրաստման ընթացակարգի շրջանակներում, պետք է ստուգեր, հերքեր կամ հաստատեր ոչ թե դիմողի մատնանշած կոնկրետ հանցագործության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը, այլ հաղորդման եւ բացատրությունների մեջ ներկայացված փաստական հանգամանքների, հետո միայն դրանց համատեքստում որեւէ հանցագործության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը»:

Հետաքննիչը քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճառաբանական մասում արձանագրել էր. «Պետք է փաստել, որ ինչպես Ռ. Ղազարյանի, այնպես էլ Դ. Պետրոսյանի կողմից խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, այլ ընդհակառակը, գործով ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ բնակարանի սեփականատերերն իրենց սեփական կամքով եւ ռիսկով են պայմանագիր կնքել, ըստ որի՝ գրավ են դրել իրենց բնակարանը»:

Մինչդեռ, ըստ դատարանի իրավական գնահատականների. «Դատարանն արձանագրում է, որ Լիա Սարգսյանի հաղորդման մեջ նշված փաստարկների ստուգման, դրանցում ՀՀ քրեական օրենսգրքի հատկանիշների պարզման կամ բացահայտման ուղղությամբ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն չի կատարվել, որով վարույթն իրականացրած մարմիններն իրենք իրենց զրկել են օրինական, հիմնավորված եւ պատճառաբանված որոշումներ կայացնելու հնարավորություններից, թեեւ իրավապահներին ուղղված Լիա Սարգսյանի հաղորդման մեջ եւ վերջինիս բացատրություններում ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով նախատեսված արարքների առկայության կամ բացակայության ստուգման անհրաժեշտությունը հիմնավորող փաստական տվյալներն առկա էին»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

07.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031