Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՎՈՐԳ

Դեկտեմբեր 08,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր տասնչորսերորդ

ԳԵՎՈՐԳ

Եթե էդքան իմացված ու հիշվող գործեր ու կերպարներ ստեղծած Ժորա Հարությունյանին չգիտեն ու չեն հիշում, դրանում ոչ միայն ճակատագրի մատն է խառը, այլեւ իր՝  անձամբ Ժորա Հարությունյանինն էլ՝ ոչ միայն էն պատճառով, որ Գեորգի Սաղաթելովիչ Ժորա Հարությունյանն իր կյանքում իր գրողական գովազդով բացարձակապես չի զբաղվել, այլեւ էն պատճառով, որ Գեորգի Սաղաթելովիչ Ժորա Հարությունյանը, փաստորեն, իր գրողական ու աշխատանքային կենսագրության ընթացքում մի քանի անուններով է հանդես եկել. որպես դրամատուրգ ու կինոսցենարիստ Ժորա Հարությունյան էր, որպես Գրողների միության գրական ֆոնդի նախագահ Գեորգի Սաղաթելովիչ էր, եւ ամենավերջում արդեն՝ Գեւորգ Հարությունյան, եւ, եթե չեմ սխալվում, էս Գեւորգ Հարությունյան տարբերակով  ինքն առաջին անգամ հայտնվեց «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի տիտրերում, եւ ենթադրում եմ, որ լուսահոգին էս դեպքում ցանկանում էր իր ոչ հայեցի Ժորա անվան  հայեցի Գեւորգ տարբերակը մեզ հրամցնել, եւ ինչպես մեզանում Սերգեյներից շատերը Սարգիս դառան, եւ Մելսերից շատերն էլ՝ Մեսրոպ, Ժորա Հարությունյանն էլ իր կյանքի ամենավերջում որոշեց  Գեւորգ դառնալ, բայց ինչպես Ֆրունզիկին առանձնապես չհաջողվեց Մհեր դառնալ, առավել եւս Ժորա Հարությունյանին Գեւորգ դառնալ չհաջողվեց, եւ չնայած թատերասերների ու կինոդիտողների կողմից ինքը Ժորա տարբերակով էլ մասայականորեն չճանաչվեց, Գեւորգ տարբերակով ինքն ընդհանրապես չճանաչվեց ու չիմացվեց, եւ միայն իրեն ճանաչող ու «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի տիտրերն ուշադիր կարդացողներս իմացանք, որ Գեորգի Սաղաթելովիչ Ժորա Հարությունյանը հայեցի Գեւորգ անունով հանդես գալու փորձեր էլ է արել, բայց, այդուհանդերձ,  որպես Հայաստանի գրողների միության գրական ֆոնդի երկարամյա ու անփոփոխ նախագահ, ինքը Գեորգի Սաղաթելովիչ էր, եւ իր անվան ու հայրանվան էդ տարբերակն իր զբաղեցրած պաշտոնին ավելի էր համապատասխանում, եւ իր զբաղեցրած պաշտոնն ու  անձամբ ինքը շատերի համար էին կարեւոր, եւ հատկապես Գրողների միության անդամներիս համար էին կարեւոր, որովհետեւ մենք անձամբ իրենից էինք ստանում ու վայելում ԽՍՀՄ Գրողների միության ստեղծագործական տների ուղեգրերը, եւ մեր Գրողների  միության գրական ֆոնդի նախագահ Ժորա Հարությունյանը՝ նույն ինքը Գեորգի Սաղաթելովիչն էդ ուղեգրերն էնպես էր բաշխում, որ նեղացողներ  համարյա չէին լինում, ընդ որում՝ ինքն էդ ուղեգրերը հերիքացնում էր ոչ միայն Գրողների միության անդամներիս, այլեւ բարձրաստիճան պաշտոնյաներին, ավելի ստույգ՝ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքների անդամներին, ովքեր հիմնականում ռուսախոս էին եւ, բնականաբար, Գեորգի Սաղաթելովիչ տարբերակն էին նախընտրում, իսկ ԽՍՀՄ Գրողների միության ստեղծագործական տներից նախընտրում էին Պիցունդայինը, Յալթայինն ու Յուրմալայինը:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031