Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է կյանքի կոչվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի որոշումները. Թիլերսոն-Լավրով-Լական

Դեկտեմբեր 07,2017 19:44

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի պատվիրակությունները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե Լականը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված դեկտեմբերի 6-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հետ:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները հավատարիմ են իրենց հանձնառություններին՝միջնորդ հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա, այդ թվում ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, մարդկանց հավասար իրավունքները և ինքնորոշում:

«Մենք վերահաստատում ենք մեր միացյալ հանձնառությունները՝ բանակցել հակամարտության խաղաղ լուծման շուրջ՝ որպես տարածաշրջանի մարդկանց համար իրական լուծում բերելու միակ ուղի:

Մենք ողջունում ենք բարձր մակարդակի երկխոսության վերականգնումը հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ինչպես նաև Վիեննայում դեկտեմբերի 6-ի հանդիպումը արտգործնախարարների միջև՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Մենք գոհունակություն ենք հայտնում ակտիվացած բանակցություններից և դիմում ենք կողմերին՝ կոչ անելով կենտրոնացնել իրենց ջանքերը՝ փոխզիջումային լուծում գտնելու քաղաքական կարգավորման հիմնական հարցերի շուրջ: Հետագա հապաղումները միայն ավելի կբարդացնեն իրավիճակը և կարող են հարցականի տակ դնել կողմերի հանձնառությունները հարատև խաղաղություն հաստատելու վերաբերյալ:

Անդրադառնալով երկու երկրների նախագահների պարտավորություններին՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը: Պետք է կյանքի կոչվեն նաև 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ընդունված մյուս որոշումները: Մենք ողջունում ենք, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել հաշվի առնել համանախագահների առաջարկը՝ ուղղված հայերի և ադրբեջանցիների միջև մարդկային շփումների վերականգնմանը և աջակցությանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ անհետ կորածների տվյալների փոխանական վերաբերյալ: Մենք կողմերին կոչ ենք անում ավելորդ կերպով չքաղաքականացնել այս կարևոր մարդասիրական քայլերը:

Մեր երկրները շարունակում են պատրաստակամ մնալ աշխատելու կողմերի հետ՝ հանուն հարատև և խաղաղ կարգավորման: Մենք հրահանգել ենք մեր համանախագահներին շարունակել միջնորդական գործունեությունը՝ կողմերին ներկայացված առաջարկությունների վերաբերյալ փոխզիջումների առաջխաղացման ուղղությամբ, բայց շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնական պատասխանատվությունը մնում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ուսերին»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031