Օրերս Գյումրու գիշերային ակումբներից մեկում՝«Աուրայում», որը գտնվում է Անի թաղամասում, պարուհիներից մեկին պարի հրավիրելու հետ կապված ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև։ Ծեծկռտուքն ավարտվել էր 23-ամյա գյումրեցի երիտասարդի գլխին գարեջրի դատարկ շիշ կոտրելով։
Վիճաբանությանն ու ծեծկռտուքին մասնակցել են մի խումբ երիտասարդներ ոչ միայն Գյումրիից, այլ հարակից գյուղերից, նրանցից մեկն էլ Թալինի շրջանի գյուղերից է։ Երիտասարդները, ըստ որոշ տվյալների, եղել են ալկոհոլի ազդեցության ներքո։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այս դեպքի հետ կապված ասաց․ «Դեպքը խմբի կողմից կատարված խուլիգանություն է, որի ժամանակ մասնակիցներից երեքի կողմից գործադրվել են նաև որպես զենք օգտագործվող առարկաներ։ Միջադեպից ակնհայտորեն տուժել է մեկ անձ՝ ստանալով ծանր մարմնական վնասվածք։ Ծանր մարմնական վնասվածք հասցրած անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, երեք անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով իմ հանձնարարությամբ քննիչի կողմից ձերբակալվել են»։
Դատախազը տեղեկացրեց, որ նշված դեպքի առթիվ հարուցվել են 2 տարբեր քրեական գործեր, դրանից մեկը ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի, մյուսը՝ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Նույն օրը քննիչի կողմից որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու մասին՝ պայմանավորված բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն կատարելու անհրաժեշտությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կարեն Գաբրիելյանը նաև փոխանցեց, որ իր կողմից գրավոր հանձնարարություն է տրվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակցած անձանց շրջանակները պարզելու ուղղությամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ