Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվեքննիչ պալատը 5 նախարարություններում եւ Քաղավիացիայում աուդիտ կանի

Դեկտեմբեր 07,2017 16:45

Այսօր վերջին անգամ Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը ներկայացվեց ԱԺ-ի քննարկմանը:

Ինչպես տեղեկացրել ենք, Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված՝ 2018-ի ապրիլից Վերահսկիչ պալատը դառնալու է Հաշվեքննիչ պալատ, իսկ Հաշվեքննիչ պալատն անկախ մարմին է եւ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները:

Այս մասին ԱԺ-ում ասաց ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը:

Հաջորդ տարվա ծրագրով արդեն ընտրված են մի քանի ոլորտներ, որոնցում պետք է պալատն իրականացնի ուսումնասիրություն ու արդեն ուսումնասիրելու են ոչ միայն դրամաշնորհային ծրագրերը, այլեւ պետբյուջեի միջոցների հաշվին իրականացված ծրագրերի արդյունավետությունը. «Արդյունքում՝ բոլոր ծրագրերի ընթացքի վերաբերյալ կունենանք համապարփակ պատկեր»:

Հաջորդ տարվա ծրագրում ընդգրկվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տնտեսական զարգացման եւ ներդրումների, բնապահպանության, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: 2018-ին կուսումնասիրվեն նաեւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ԵՏՄ հանձնաժողովը եւ անդամ պետությունների ներմուծման մաքսատուրքերը:

Իսկ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ներկայացրեց իր, Գալուստ Սահակյանի եւ Սամվել Նիկոյանի հեղինակած «Հաշվեքննիչ պալատի մասին» նախագիծը, որը սահմանում է հաշվեքննության պայմանները, պահանջները:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ ԱԺ-ն քիչ առաջ լսեց Վերահսկիչ պալատի տարեկան գործունեության ծրագիրը, մենք եթե հաստատում ենք այդ ծրագիրը, 2018-ի ապրիլից հետո Հաշվեքննիչ պալատն այդ ծրագրո՞վ է աշխատելու: Սամվել Նիկոյանը պատասխանեց, որ մինչեւ ապրիլի 9-ը ՎՊ-ն իրականացնելու է վերահսկողություն, իսկ ապրիլի 9-ից հետո հաշվեքննություն: Նիկոյանն ասաց, որ մամուլում սխալ են մեկնաբանում, թե ՎՊ-ից վերցնում են վերահսկողություն իրականացնելու գործառույթը: Իրականում, ըստ նրա, լիազորություններն ավելի են մեծանում, հաշվեքննությունն իր մեջ ներառում է նաեւ ստուգումը:

Մանե Թանդիլյանը բացատրեց, որ հաշվեքննիչը նույն աուդիտորն է՝ հանրային ոլորտում ու հաշվեքննիչ պալատի կարեւորագույն գործառույթը նրա անկախությունն է: Թանդիլյանը նշեց, որ եթե աուդիտորները անկախ չլինեն, որեւէ վստահություն այդ մարմնի նկատմամբ չի լինի:

Մանե Թանդիլյանը նշեց, որ բյուջեի կատարողականի ժամանակ թվեր են ներկայացվում ու հիմա մենք չենք կարող իմանալ՝ որքանո՞վ են ճիշտ ներկայացվում, պետք է ստուգել համապատասխանությունը ու դա կարող է անել աուդիտորը: Նա հույս հայտնեց, որ այս աշխատանքների մեջ պետական ապարատում չաշխատած եւ միջազգային որակավորում ունեցողներ կներգրավեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031