Կաշառք պահանջելու եւ ստանալու համար մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանն այսօր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ:.
«Հրաժարվում եմ, բոլոր հնչեցրած հարցերի դեպքում լռելու եմ»,- հայտարարեց նախկին դատավորը՝ հրաժարվելով պատասխանել ե՛ւ դատարանի, ե՛ւ մեղադրողի հարցերին:
«Մենք պահանջում ենք, որպեսզի մեր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը չխախտվի, այստեղ հնչեցված հարցերում մեղադրողն ասում է` ասել եք, վերցրել եք, գնացել եք, ինչու եք վերցնում: Խնդրում ենք դատարանին մեղադրողին հորդորել, որ այնպես ձեւակերպի հարցերը, որպեսզի մեր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը չխախտվի»,- հայտարարեց պաշտպանական կողմը՝ պնդելով, որ մեղադրողի հարցադրումները մանիպուլյացիոն բնույթ են կրում:
Մեղադրող կողմն էլ առարկեց՝ պարզաբանելով, որ հնչեցված հարցերը առաջադրված մեղադրանքի սահմաններում են:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով, կատարել է կաշառքի միջնորդություն:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ