Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք մտավորականները հերքում են. «Ալիևից ներողություն չենք խնդրել»

Դեկտեմբեր 07,2017 16:17

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայի հայտնի մտավորականներ Ալի Բայրամօղլուի, Ուֆուք Ուրասի, Էրոլ Քաթըրջըօղլուի և Սաիթ Չեթինօղլուի դեմ հետաքննություն է սկսվել Արցախ այցելության համար:

Մտավորականներն Արցախ էին այցելել սեպտեմբերին, ինչից հետո Ադրբեջանը «երկրի տարածքն ապօրինի հատելու» մեղադրանքով նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարել:

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը, մտավորականները հայտարարություն են տարածել՝ հերքելով Չավուշօղլուի խոսքերը, թե Թուրքիայում իրենց նկատմամբ հետաքննություն է սկսվել:

«Ադրբեջանի իշխանությունների կողմից սկսված հետաքննության շրջանակներում մենք պատասխանել ենք միջազգային համաձայնագրերով Արդարադատության նախարարությանը փոխանցված հարցերին, ինչպես որ պահանջել է ընթացակարգը: Դրանից զատ ղարաբաղյան այցի հարցով Թուրքիայում մեր նկատմամբ որևէ հետաքննություն չի եղել, հետապնդում չի իրականացվել»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե Չավուշօղլուն մտավորականներից պահանջել է ներողություն խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից Արցախ այցելելու համար, մտավորականները հետևյալ կերպ են արձագանքել.

«Նախարարի (Չավուշօղլու-EH) հետ կապ հաստատեցինք՝ պահանջելով, որ պետությունը պաշտպանի մեր իրավունքներն ընդդեմ Ադրբեջանի՝ մեզ ձերբակալելու նախաձեռնության: Նրա (Չավուշօղլու-EH) ցանկությամբ՝ Ալիևին նամակ գրեցինք՝ ներկայացնելով մեր այցի նպատակը և ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեր անհանգստությունը: Այդ նամակում «ափսոսանք», «ներողություն» բառերը ներառելու նախարարի պահանջին դեմ ենք եղել և նմանատիպ հրահանգներ չենք ընդունել»:

Մտավորականները համատեղ հայտարարության մեջ ընդգծել են, որ իրենք գիտնականներ և լրագրողներ են, որոնք հակամարտությունների լուծման թեմայով աշխարհի տարբեր հակամարտության գոտիներ են այցելում: Իսկ ղարաբաղյան այցելությունը որևէ առնչություն չունի Հայաստան-Ադրբեջան տարաձայնությունների և Ղարաբաղի իրավական կարգավիճակի հետ:

Ալի Բայրամօղլուն թեմայի վերաբերյալ նաև մեկնաբանություն է տվել «Ակօս»-ին՝ կրկնելով, որ իրենց նկատմամբ Թուրքիայում որևէ հետաքննություն չի սկսվել: Նա ընդգծել է, որ Թուրքիայի օրենսդրությամբ դա նաև անհնար է, քանի որ արտասահմանում կատարված խախտումների պարագայում, որոնք պահանջում են մինչև մեկ տարի ազատազրկում կամ 1000 թուրքական լիրայի չափով տուգանք, ինչպես օրինակ ապօրինի սահման անցնելն է, Թուրքիայի օրենքներով որևէ իրավական գործընթաց չի նախատեսվում: Բացի այդ, ինչպես նկատում է Բայրամօղլուն, չկա որևէ երկիր, որտեղ Թուրքիան արգելում է այցելել:

«Պետությունից ակնկալում ենք, որ երկրից դուրս մեր դեմ հարուցված գաղափարական հետաքննությունների դեմ պաշտպանի մեր իրավունքները: Թուրքիայի Հանրապետությունն այս հարցում ոչինչ չի անում: Անգամ հակառակն է անում, ինչը մտահոգիչ է»,-հավելել է Բայրամօղլուն:

Աղբյուր`  Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031