Shamshyan.com-ի տեղեկացմամբ, երեկ, ժամը 14․30-ի սահմաններում ավազակային հարձակում էր տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկում։ Երկու դիմակավորված անձինք թակել էին Գյումրու թիվ 30 դպրոցի փոխտնօրեն, 44-ամյա Ալինա Ավետիսյանի բնակարանի դուռը, ներս խուժել, կպչուն ժապավենով կապել էին նրա ոտքերն ու ձեռքերը ու դանակի սպառնալիքի տակ գումար պահանջել։ Այնուհետ սկսել էին տակնուվրա անել տունը՝ թալանելով զարդեր, մուշտակ, գումար։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այս դեպքի կապակցությամբ Aravot.am-ին փոխանցեց հետևյալը․ «Տուժած անձը՝ հաղորդում է տվել այն մասին, որ 06․12․2017 թվականին երկու անձինք, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ, դիմակավորված, ապօրինի մուտք են գործել իր բնակարան և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև գործադրելու սպառնալիքով հափշտակել են խոշոր չափի գույք։ Անմիջապես իմ հանձնարարությամբ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1,2,3,4 կետերի հատկանիշներով։ Այս պահին կատարվում է նախաքննություն։ Իմ կողմից նաև հանձնարարություն է տրվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ինչպես նաև գողոնի գտնվելու վայրը հայտնաբերելու»։ Ըստ տվյալների, Ալինա Ավետիսյանն ապրում է միայնակ։
Կրթական ոլորտի աշխատակիցներից էլ տեղեկացանք, որ Ալինա Ավետիսյանը թիվ 30 դպրոցի դաստիարակության գծով փոխտնօրենն է, նա ամուսնացած չէ, ապրում է միայնակ։ Ըստ գործընկերների, նրան ունևոր կին համարել չի կարելի, աշխատավարձի հույսով ապրող անձ է, առանձնապես գումար էլ չի ունեցել կուտակած, ամենայն հավանականությամբ իր աշխատավարձն է եղել, որը և տան գույքի, շորերի հետ հափշտակել են։ Ըստ մեր զրուցակիցների, նա այժմ հոգեբանական ծանր վիճակում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ