Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա զգում եմ, որ սխալ եմ արել. 1 կորուստ ունեցա, 2-րդը թույլ չեմ տա». Փառանձեմ Մեյթիխանյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2017 16:00

Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական  դատական նիստում այսօր գործով տուժող, Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունն ավարտված համարելու քննարկման ժամանակ կարծիք հայտնեց նաեւ Փառանձեմ Մեյթիխանյանը: «Ես կարող էի սկեսուրիս դատարան չբերել…բայց ընտանիքով խնդրեցինք, ամեն ինչ արեցինք, որ մի քանի անգամ՝ նիստերի ընթացքում, վերապրի այդ ողբերգությունը, որպեսզի ամբաստանյալների հարազատներն ականջալուր լինեն, թե ինչ է կատարվել: Հիմա զգում եմ, որ սխալ եմ արել: Մեկ կորուստ ունեցա, երկրորդը թույլ չեմ տա»,-ասաց նա՝ պնդելով, որ Էմմա Աբրահամյանն առողջական վատ վիճակի պատճառով այլեւս չի կարող ներկայանալ նիստերի:

Ամբաստանյալների պաշտպանները նրա պնդման հետ չհամաձայնեցին: Վաչագան Քոսյանը նկատեց. «Փառանձեմ Մեյթիխանյանը մոռանում է, որ մենք դատարանում ենք: Ի՞նչ է նշանակում՝ «ես կարող էի նրան չբերել դատարան»: Փառանձեմ Մեյթիխանյանը ղեկավարել է նախաքննությունը, հիմա էլ դատաքննությունն է ուզում ղեկավարել»:

Այս մեղադրանքներին Փառանձեմ Մեյթիխանյանն այսպես արձագանքեց. «Ամբաստանյալների տարիքի երկու երեխա ունեմ: Մեյթիխանյանների ընտանիքն անազնիվ ճանապարհով չի փորձում հարցեր լուծել, այլ ապավինում է օրենքին: Սկեսուրից վատանալու պատճառը եղել են փաստաբանների գործողությունները: Նրանք խաղացին մեր նյարդերի հետ՝ ասելով, թե ես սկեսուրիս հուշել եմ ամբաստանյալներից մեկի ով լինելը:  Համապատասխան ձայնագրությունների կրիչները կան՝ ես չեմ հուշել»:

Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ հարվածներ հասցնելով կյանքից զրկելու մեջ մեղադրվում են երիտասարդներ Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Արթուր Զաքարյանը:

Ըստ դեպքի ականատես՝ Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի վկայությամբ՝ իր որդին արգելակել է վթարից խուսափելու համար, իսկ նշյալ երիտասարդները ծեծելով սպանել են նրան:

Դատավոր Աննա Դանիբեկյանն ի վերջո որոշեց նիստը հետաձգել, որպեսզի տուժող կողմը բժշկական փաստաթղթեր ներկայացնի առ այն, թե որքան ժամանակ Էմմա Աբրահամյանն ի վիճակի չի լինի նիստերի ներկայանալ:

Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 18-ին՝ 12:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031