Այսօր լրացավ 1988 թվականի աղետալի երկրաշարժի 29 տարին, անմեղ զոհերի հիշատակը հարգելու նպատակով այսօր Գյումրի էր այցելել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, «ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն, ի դեպ, չկա մի տարի, որ դեկտեմբերի 7-ին Գյումրիում չլինի։ Ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, նախկին պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, տարբեր կառույցների ղեկավարներ ու աշխատակիցներ, Գյումրիում ՌԴ հյուպատոսը, ռուսական սահմանապահ զորքերի ու 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ։
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում գտնվող երկրաշարժի զոհերի հուշակոթողի մոտ տեղադրված էին տարբեր պաշտոնյաների ու կառույցների կողմից ուղարկված ծաղկեպսակներ՝ թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, թե՛ ՀՀ կառավարության, թե՛ վարչապետի ու այլոց կողմից։ Ինչպես միշտ, իր կողմից ծաղկեպսակ էր ուղարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն, աղոթք հնչեցնելով առ Աստված, ասաց․ «29 տարի անց մեզ՝ գյումրեցիներիս և բոլորիս անհրաժեշտ է դառնում աշխատանք, գործ ու լավատեսություն, որպեսզի տա Աստված, բոլորիս քրտինքով, աշխատանքով, գործով, համառությամբ, նվիրումով, զոհողությամբ 30-ամյակը փակենք՝ վերջնականապես մոռացած աղետի հետևանքները։ Եվ 30-ամյակը դառնա նոր սկիզբ։ Հիշենք, մեր ննջեցյալներին, որոնց չպետք է մոռանաք երբեք, բայց նաև մեր ապրողներին, որովհետև արդեն կա մի նոր սերունդ, որը միայն երկրաշարժը հիշում է՝ մեր աչքերի մեջ նայելով։ Եվ տա Աստված, որ իրենք ստեղծեն այն նոր Հայաստանը ու նոր Գյումրին, որ չի տեսնի ողբերգություն, չի ունենա զոհ»։
Կարեն Կարապետյանը ծաղիկներ դրեց զոհերի հուշակոթողին ու երբ հեռանում էր, բազմության միջից նրան մոտեցավ զոհված ազատամարտիկներից մեկի որդին՝ Մհերը։ Վարչապետը կանգնեց ու լսեց նրա խնդիրը։ Երիտասարդն ասաց, որ ինքը երեք տարեկան է եղել, երբ հայրը զոհվել է Արցախյան պատերազմում, սակայն մինչև օրս իրենց բնակարանով չեն ապահովել։ Ըստ Մհերի, ՊՆ-ից պատճառաբանում են, որ արդեն 27 տարեկան ես, չափահաս, հետևաբար և չեն կարող փոխհատուցել։ Տղան ուզում էր իմանալ, թե ո՞րն է իր մեղքը, որ 20 տարվա ընթացքում չեն կարողացել այդ խնդիրը լուծել։ Վարչապետը լսեց ու նշեց, թե կոնկրետ ում հանձնի իր փաստաթղթերը։
Վարչապետին էին ուզում մոտենալ նաև գյումրեցի մի քանի մուրացկան կանայք, երբ տեղի ոստիկաններն արգելեցին, կանանցից մեկը շատ նեղվեց՝ վարչապետի հետևից ձեռնափայտով վազելով ու բղավելով․ «Մարդն էկել է, չեք թողնում երեսը տեսնինք»։
Վարչապետը հեռանալիս պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Նա ասաց․ «Այն պրոբլեմները, որոնք այսօր Գյումրին ունի, մեր ժողովուրդն ունի, հաղթահարելի են, ուղղակի պետք է լավատեսությամբ դրան նայել և համապատասխանաբար աշխատանք կատարել»։
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ե՞րբ են աշխատատեղեր բացվելու Գյումրիում, դեռ անցած տարի 400 աշխատատեղ պիտի բացվեր, սակայն չկա։ Լրագրողն ակնարկում էր «Սաստեքսի» կողմից կարի ֆաբրիկայի բացումը, որը, սակայն, ոչ միայն չի բացվել, այլև շինարարության վրա աշխատող բանվորներին ու շինանյութերի խանութների տերերին հսկայական պարտք են մնացել։ Կարեն Կարապետյանն ասաց․ «Վաղը չէ մյուս օ՞ր ասեմ, ամեն օր դրա վրա ենք աշխատում, պայմանները ստեղծում ենք, որպեսզի բիզնեսը գա․ աշխատատեղ ստեղծի, ենթակառուցվածքները, հատուկ ծրագիր ունենք»։
Թե ի՞նչ է անում կառավարությունն աղքատությունը մեղմելու, վարչապետն ասաց․ «Ամբողջ կառավարության ծրագիրը պատմե՞մ ձեզ , ամբողջ ծրագիրը դրան է ուղղված»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ