Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստն է: Հիշեցնենք, որ նրան դիտավորությամբ հարվածներ հասցնելով կյանքից զրկելու մեջ մեղադրվում են երիտասարդներ Յուրի Հակոբյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Արթուր Զաքարյանը:
Ըստ դեպքի ականատես ու գործով տուժող, Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի վկայությամբ՝ իր որդին արգելակել է վթարից խուսափելու համար, իսկ նշյալ երիտասարդները ծեծելով սպանել են նրան: Տեւական ժամանակ նիստեր չէին կայանում, որովհետեւ հարցաքննության ժամանակ 77-ամյա Էմմա Աբրահամյանը կատարվածը հիշելիս վատանում էր եւ հիվանդանոց տեղափոխվում: Այսօրվա նիստում նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանին հայտնեց, որ ըստ բժշկական փաստաթղթի՝ Էմմա Աբրահամյանն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, ստենոկարդիա եւ մի շարք այլ խնդիրներ:
«Նրան խորհուրդ չի տրվում ներկայանալ դատարան, նա ի վիճակի չէ եւ չի կարող գալ: Չորս նիստում նա արդեն իսկ ցուցմունք տվել է եւ պատասխանել կողմերի հարցերին: Ամեն անգամ կատարվածը վերապրելը նրան այդ վիճակին է հասցնում»,-հայտարարեց Ինեսա Պետրոսյանը՝ միջնորդելով Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը համարել ավարտված:
Ամբաստանյալների պաշտպաններն առարկեցին՝ ասելով, որ դատարանը նման որոշում կայացնելու իրավունք չունի, իսկ իրենց հարցերը կիսատ են մնացել: Ավելին՝ անգամ ամբաստանյալների հարցեր տալու հերթը չի հասել: Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը նկատեց. «Բժիշկը չի կարող գնահատել՝ Էմմա Աբրահամյանն, օրինակ, տասը որում կարո՞ղ է նիստի գալ, թե ոչ: Դատարանը պետք է հնարավորություններ ստեղծի՝ տուժող Աբրահամյանի լիարժեք հարցաքննությունն ապահովելու համար»:
Ամբաստանյալների պաշտպաններն ընդգծեցին, որ իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքի հիմքում հենց Էմմա Աբրահամյանի ցուցմունքն է, որի առնչությամբ նաեւ հակասություններ կան, ուստի նրա ներկայությունը պարտադիր է: Դատավոր Աննա Դանիբեկյանը, լսելով կողմերի կարծիքները, որոշեց պաշտպանական կողմին ժամանակ տալ՝ ծանոթանալու տուժող կողմի ներկայացրած բժշկական փաստաթղթերին: Դատարանը եւս գտնում է, որ Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը պետք է համարել ավարտված:
Այլ մանրամասներն՝ առաջիկայում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ