Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Գրիգորյան. «Դեռ վատ եք ապրելու» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2017 14:08

Այն, որ 2018 թվականի բյուջեի նախագիծը երեկ խորհրդարանում քննարկվեց կիսադատարկ դահլիճում, ընդ որում նաեւ կառավարության`վարչապետի գլխավորությամբ, մեծամասնության բացակայությամբ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը բացատրում է նրանով, որ նախագիծը տարբեր հանձնաժողովներում մանրամասն քննարկվել էր, բոլորը ստացել էին իրենց հուզող հարցերի պատասխանները: Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում նա չհամաձայնեց Aravot.am-ի դիտարկմանը, որ նման կարեւորագույն նախագծի այդպիսի քննարկումը ցույց տվեց թե գործադիր, թե օրենսդիր մարմնի դեմքը:

Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քննադատություններին էլ`ասաց, նորմալ է համարում, քանի որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորի գործը քննադատելն է: Հարցին`ժողովուրդն արժանի՞ է վատ ապրել, քանի որ 10 հազար դրամ է վերցրել: Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, դիմելով ընտրակաշառք վերցրած քաղաքացիներին`ասել էր. «Սա ձեր ընտրության արդյունքն է, վայելեք, դուք լավ չեք ապրելու»: Ռաֆիկ Գրիգորյանը համամիտ չէ, որ ընտրակաշառքներ են բաժանվել. «Գիտեք, շատ բան են ասում, բայց հիմնավորումներ պետք է լինեն: Ես էլ շատ բան եմ լսում, ամեն լսած եթե հիմք ընդունենք, կոռեկտ չէ»:

Մեկ տարի առաջ, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ`հայտարարեց`մեր տնտեսության վիճակը շատ ծանր է: Լրագրողները հետաքրքրվեցին`մեկ տարի առաջ Ռաֆիկ Գրիգորյանը տեսնո՞ւմ էր, որ տնտեսության վիճակը ծանր է: «Մեր տնտեսության վիճակը եղել է եւ շարունակելու է լինել ծանր, որովհետեւ դեռ անելիքներ շատ ունենք: Առաջին հերթին`բանակի հզորացման խնդիր, տարածքների համաչափ զարգացման, ենթակառուցվածքների եւ այլն: Այդ բոլոր խնդիրները լուծելու համար, այո, վարչապետն արտահայտեց իր կարծիքը, բայց բավական աշխատանքներ տարվում են: Այս բյուջեն շատ քննադատվեց, բայց ես կարծում եմ, որ կառավարության վարած քաղաքականությունը տեղին է»,- ասաց նա:

Մանրամասները`տեսանյութում

Aravot.am-ի հարցին`եկող տարի հասարակ ժողովուրդը լա՞վ է ապրելու, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Որպեսզի հասարակ ժողովուրդը լավ ապրի, պետք է տնտեսություն զարգացնենք: Պետք է համբերատար լինենք, երկար ճանապարհ անցնենք, որպեսզի այդ զարգացումն ամեն մի քաղաքացի իր վրա զգա: Ինչքան էլ ՀՆԱ-ի աճ ունենանք, քաղաքացին անմիջական ազդեցությունը չի զգա, հիմնախնդիրները շատ են»: Հետաքրքրվեցինք`անցած 20 տարիների ընթացքում այդ երկար ճանապարհի ո՞ր հատվածն ենք անցել եւ դեռ ինչքա՞ն ունենք անցնելու: «Ասել, որ 20 տարիների ընթացքում առաջընթաց չի եղել`ճիշտ չէ: Բավականին շատ բան արել ենք, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»:

Ռաֆիկ Գրիգորյանը, հիշեցնենք, հինգ տարի եղել է Գեղարքունիքի մարզպետ: Հստակ վիճակագրություն, թե իր ղեկավարման տարիներին որքա՞ն մարդ է արտագաղթել մարզից, չկա: Ինքն առաջնորդվում է մի բանով`դեռ խորհրդային տարիներից այդ մարզում արտագնա աշխատանքի են մեկնում: Ինքը դեմ չէ, որ մարդը գնում է ընտանիքի բարեկեցության համար:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ծիծաղելի չէ՞, որ կառավարությունն անընդհատ ջանում է, իսկ մարդիկ այլ վայրերում են բարեկեցություն փնտրում: «Մարդն ազատ է իր գործունեության մեջ, ինքն է որոշում`որտեղ ապրել, որտեղ աշխատել: Դա նաեւ ՀՀ Սահմանադրությամբ է ամրագրված: Կոռեկտ էլ չէ այդ մասին խոսել: Ի՞նչ է, այսօր չկա՞ աշխատանք, որ մեր քաղաքացիները չեն ուզում կատարել: Կոնկրետ մարզում, նույն շինարարական աշխատանքները»: Նկատեցինք`այստեղ քիչ են վճարում: Ասաց`ուսումնասիրություններ չի կատարել`չգիտե:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031