Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հարցազրույցից:
– Պարոն Հակոբյան, Հայաստանում գնաճը շարունակվում է։ Ինչպե՞ս պետք է քաղաքացին դիմակայի թանկացումներին։
– Դիմակայել թանկացումներին պետք չէ։ Պետք է դիմակայել կյանքի բոլոր դժվարություններին, թանկացումներն ընդամենը դրանց մի փոքր մասն են։ Մեզ մոտ սովորույթ կա, որ դեկտեմբերին ամեն ինչ սկսում է թանկանալ մինչեւ դեկտեմբերի երեսունմեկը, հետո սկսում են իջնել։ Եթե մի քանի տեսակի ապրանքատեսակներ թանկանում են, ապա դա քիչ ազդեցություն կունենա ընդհանուր ընտանեկան զամբյուղի վրա, որովհետեւ նվազագույն զամբյուղը հաշվում է 430 ապրանքների համար, եւ մեկ ապրանքի թանկացումը քիչ էական ազդեցություն կունենա ընդհանուր զամբյուղի արժեքի վրա։
Թանկացումն ինքը վատ բան է, որովհետեւ ինքն առաջին պատճառն է աղքատ շերտին հարվածելու։ Ես, ճիշտն ասած, չեմ սպասում, որ թանկացումներն այնպես լինեն, որ կառավարությունը ստիպված լինի անդրադառնալ աղքատության նվազագույն զամբյուղի կամ նպաստների վերանայման քաղաքականությանը։
– Բայց երկրում աղքատության այդպիսի մակարդակ է, գնաճն էլ շարունակվում է։ Ինչպե՞ս պետք է մարդիկ ապրեն։
– Դուք պետք է հաշվի առնեք հետեւյալը. աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից։ Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից։ Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան։ Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց։ Դա ինքնապաշտպանության ինստինկտ է։
– Թանկացումները Ձե՞զ վրա չեք զգում։
– Ես առեւտուր չեմ անում, շուկա չեմ գնում։ Տունը երեւի կզգան։ Նախատոնական առեւտուրը որ սկսեցին, կասեն՝ ինչն ինչոց է։
Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում