Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Ստացվեց, որ բնակչության աղքատ խավի խնդիրները լուծելու համար հսկայական բեռ դրեցինք մեր ապագա սերնդի վրա». «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 07,2017 11:23

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ

-ԱՎԾ տվյալներով՝ 2015-ի համեմատությամբ 2016-ին Հայաստանում աղքատությունը նվազել է 0,4 տոկոսով եւ հիմա կազմում է 29,4 տոկոս։ 900 հազար մարդ աղքատ է, իսկ 295 հազարը շատ աղքատ, յուրաքանչյուր 10 մարդուց 3-ը ամսական ստանում է 40 հազար դրամից ցածր աշխատավարձ: Կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, ի վերջո, կարո՞ղ են կարճ ժամանակում փոխել այս մտահոգիչ պատկերը:

-ԱՎԾ հրապարակած թվերը սենսացիոն չեն, քանի որ իշխանությունը շատ լավ տիրապետում է իրավիճակին, մենք ինքներս ենք բարձրաձայնում այդ ամենի մասին: Ու ոչ միայն բարձրաձայնում ենք, այլեւ ուղիներ ենք մատնանշում իրավիճակից դուրս գալու համար:

Եթե հետեւեք կառավարության ծրագրերին, ներկայացված բյուջեին, կհասկանաք, որ գործադիրը, նկատի ունենալով այդ խնդիրները, դրանց լուծման իր բանաձեւն է առաջարկում: Ոմանք ասում են՝ սոցիալական վիճակը մեղմելու համար պետք է սոցիալական ուղղությամբ ծախսերն ավելացնել, այսինքն՝ գումարներ տալ աղքատներին: Դա այն է, ինչ վերջին տարիներին իրականացրին նախորդ կառավարությունները:

Այսինքն՝ երկրում սոցիալական լարվածությունը մեղմելու նպատակով նախընտրեցին վարկեր վերցնել ու դրանք ուղղել նպաստների, կենսաթոշակների, աշխատավարձերի վճարմանը:

-Այո: Հասկանալով, որ պետք է օգնել ժողովրդին, գործադիրը սոցիալական բեռ վերցրեց իր վրա, վարկեր վերցրեց ու վճարեց կենսաթոշակներ կամ այլ սոցիալական վճարներ կատարեց: Հետեւանքը եղավ այն, որ աճեց մեր արտաքին պարտքը: Ստացվեց, որ բնակչության աղքատ խավի խնդիրները լուծելու համար հսկայական բեռ դրեցինք մեր ապագա սերնդի վրա: Սակայն այս կառավարությունն ասաց՝ դա սխալ, անընդունելի քաղաքականություն է, մերժեց այդ ուղին եւ գնաց այլ ճանապարհով:
Այսօր գործադիրն ուզում է եղած գումարները ուղղել ոչ թե նպաստներ վճարելուն, այլ կապիտալ ներդրումների ուղղությամբ: Ոմանք կառավարության այս քայլը քննադատում են, ասելով՝ կա սոցիալական լարվածություն, բայց կարծում եմ, որ կառավարությունը շատ ճիշտ է վարվում:
Եթե լրացուցիչ ճանապարհ է կառուցվում, նշանակում է՝ լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվում, եթե պետությունը ջրագծեր է կառուցում, ապա դրա օգտատերը գյուղացիներն են, որոնք հնարավորություն են ստանում կանոնավոր ոռոգել իրենց հողը եւ բերք-բարիք ստանալ, դրանով կայունացնել իրենց սոցիալական վիճակը:

Իշխանությունն ինքն է մատնանշում, որ անվտանգության հետ մեկտեղ Հայաստանի առաջ ծառացած մյուս մարտահրավերը ժողովրդագրական վիճակն է, բայց ինչպե՞ս կասեցնել արտագաղթը, երբ սոցիալական լարվածությունը չի մեղմվում. մի կողմից՝ կա գնաճ, մյուս կողմից՝ աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում:

-Աշխարհի տարբեր երկրների փորձը ուսումնասիրելով՝ համոզվել եմ, որ Հայաստանում կա աշխատանքային միգրացիա: Աշխատատեղերի պակասի, նաեւ ցածր աշխատավարձի պատճառով մեր համաքաղաքացիները հիմնականում մեկնում են Ռուսաստան աշխատելու։
Երկրի նախագահն առանձնահատուկ ուշադրություն է սեւեռել ժողովրդագրական խնդիրների վրա, դրա համար որպես նպատակ հայտարարեց 2040-ին 4 մլն բնակչություն ունենալու մասին: Սա պետական նշանակության խնդիր է, որը պահանջում է քայլեր կատարել միաժամանակ մի շարք ուղղություններով:
Արտագաղթի պատճառներից միայն մեկն է սոցիալականը, այնպես չէ, որ Հայաստանից արտագաղթելով՝ մարդիկ գնում ու դրախտային պայմաններում են ապրում: Ինչ վերաբերում է գնաճին, դա նաեւ պայմանավորված է միջազգային գների տատանումներով, օրինակ, կարագը թանկացել է Եվրոպայում, հարեւան Վրաստանում, նաեւ թանկացում գրանցվեց Հայաստանում: Սա նշանակում է, որ կան մեզանից չկախված գործոններ, որոնք կարող են ազդել գնաճի վրա:

Արմինե Սիմոնյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031