Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականներից եւ ոչ մեկը որեւէ անգամ չհիշատակեց «Առինջ մոլի» թեման, այլեւս ոչ մի խոսք՝ ընդդեմ ՊԵԿ-ի «վայրագությունների». «Հրապարակ»

Դեկտեմբեր 07,2017 11:19

Շաբաթը վերջացավ, քառօրյան՝ նույնպես, ու ամեն ինչ հանդարտվեց․ «Ծառուկյան դաշինքը», պարզվեց, մոռացել է «Առինջ մոլի» առեւտրականներին, որոնք այլեւս ցույցեր չեն կազմակերպում ԱԺ դարպասների մոտ։

Սա մասամբ այն պատճառով, որ ՊԵԿ-ը թուլացրել է ճնշումը, մասամբ էլ այն պատճառով, որ ամենավերեւից հրահանգ է եղել դադարեցնել պատերազմը վարչապետի դեմ ու «թարգել» «Առինջ մոլի» թեման։

Նախ՝ երեքշաբթի օրվանից մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում ԲՀԿ-ականներից եւ ոչ մեկը որեւէ անգամ չհիշատակեց «Առինջ մոլի» թեման, այլեւս ոչ մի խոսք՝ ընդդեմ ՊԵԿ-ի «վայրագություններին»։

Իսկ երեկ տեղի ունեցած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էլ, հակառակ նախորդ հարցուպատասխանին, ԲՀԿ-ականներն արդեն ձայնի ավելի հանդարտ տոնայնությամբ իրենց հարցերն ուղղում էին ոչ թե «Առինջ մոլի», այլ ավելի ընդհանրական թեմաների մասին՝ տնտեսական վիճակ, օլիգարխներ, մոնոպոլիաներ եւ այլն։ Սրանով նրանք փորձեցին ցույց տալ, որ «Առինջ մոլից» հարկադրաբար «զադնի դնելը» դեռ չի նշանակում հրաժարվել վարչապետի դեմ պայքարից ու նրան քննադատելուց։

Ավելին՝ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորներից Գեւորգ Պետրոսյանն անգամ ակնարկեց վարչապետի հրաժարականի մասին՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի 2013-ին արած հայտարարությունը, որ այն կառավարությունը, որը 7 տոկոս տնտեսական աճ չարձանագրի, պիտի հրաժարական տա, իսկ Կարապետյանի կառավարության դեպքում տնտեսական աճը 7 տոկոսի չի հասնում, հիմա պատրաստվո՞ւմ է այս կառավարությունը հրաժարական տալ։ Հարցին վարչապետը չպատասխանեց, պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որն էլ զգուշորեն ցրեց հարցը։

Նույն ոճն էր զգացվում նաեւ երեկ մեկնարկած բյուջեի քննարկումների ժամանակ, երբ «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները դեմ արտահայտվեցին կառավարության ներկայացրած 2018 թվականի բյուջեին, բայց էլի առանց «Առինջ մոլի» թեմայի։ Թիրախում ինչ-որ անանուն օլիգարխներ ու մոնոպոլիստներ էին։

ԲՀԿ-ականների քննադատությունները կրում էին հիմնականում անհասցե բնույթ, միայն մերթ ընդ մերթ նշվում էր «կառավարության խայտառակ ձախողումների» մասին։ Թե հատկապես որ հարցում ինչ ձախողում էր գրանցել կառավարությունը, եւ ովքեր են, որ կեղեքում են այս երկիրը, Նաիրա Զոհրաբյանի ու մյուս ԲՀԿ-ականների ելույթներից չզգացվեց։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031