Լրահոս
Օրվա լրահոսը

Վիեննայում հարկավոր է ամրագրել մեր հաջողությունները. «Հայոց Աշխարհ»

Դեկտեմբեր 07,2017 11:04

Պարզ է, որ երբ համանախագահներն ասում են սուբստանտիվ հարցեր՝ ակնարկում են բանակցությունների բովանդակային կողմը, իսկ երբ խոսում են հրադադարի պահպանման հստակ մեխանիզմների մասին՝ նկատի ունեն խաղաղության պահպանման հրամայական անհրաժեշտությունը։

Սակայն նրանց հայտարարության մեջ առաջադրված այս ձեւական նժարները որեւէ լուծում չեն պարունակում, քանի որ դրանք չեն կարող, իսկ ավելի շուտ չեն էլ ցանկանում ներգործել բանակցային փակուղու վրա։ Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է պահանջել ամեն ինչ, խաղաղության պահպանման խնդրի դոմինանտությունը ի չիք է դարձնում բանակցային լուծման հավանականությունը։ Եվ դա լավ գիտեն նաեւ իրենք՝ միջնորդները։

Կարծում ենք, կարեւորը բանակցությունների շարունակումն է խաղաղության պայմաններում։ Ավելին՝ քանի որ Ադրբեջանը զրկվում է ուժային ճնշման ու շանտաժի հնարավորությունից, նրան նույնիսկ ձեռնտու չէ առաջընթացը բանակցային գործընթացում, կամ ինչպես իրենք են անընդհատ կրկնում՝ սուբստանտիվ բանակցություններում։ Ադրբեջանին ու նրա թիկունքին կանգնած Թուրքիային ներկայումս անհրաժեշտ է ժամանակ ձգել մինչեւ որ փոխվի իրենց համար անբարենպաստ միջազգային դրությունը։

Սրանով կարելի է բացատրել, որ նախքան Վիեննայում սպասվող հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը քանիցս անթաքույց մեսիջներ է ուղղել Հայաստանին՝ սպառնալով, որ կպահպանվի տնտեսական շրջափակումը։
Մեր կարծիքով ճիշտ չէր այդ մեսիջներին ուղղված հայկական պատասխանում 2009 թվականի հայտնի արձանագրությունների վկայակոչումով՝ մեղքը Թուրքիայի վրա բարդելու մարտավարությունը։ Չէ որ Ռ.Էրդողանը հենց դրան էր սպասում։ Թուրքիայում գիտեն, որ մինչեւ գարուն իրենք ոչ մի հաջողություն չեն ունենալու Ղարաբաղի հարցում Ադրբեջանին աջակցելու առումով, իսկ մինչ այդ Հայաստանը սկսելու է այդ արձանագրություններից իր ստորագրությունը «դուրս քաշելու» գործընթացը։ Ուրեմն արձանագրությունների խնդիրը հրատապ դարձնելը ձեռնտու է այն կողմին, որին այսօր փորձում է ռազմաքաղաքական ճնշման անհնարինությունը փոխհատուցել տնտեսական շրջափակման գործոնի խաղարկմամբ։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031