Լրահոս
Օրվա լրահոսը

13-ամյա աղջկա ու մարդկային ուժի մասին

Դեկտեմբեր 07,2017 14:00

«Աննա Ֆրանկի օրագիրը» թարգմանվել է հայերեն

Դեկտեմբերի 9-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից մեկը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Նշենք, որ շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված. միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ի դեպ, նշենք նաեւ, որ գրքի հայերեն թարգմանության շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով:

Գրքի թարգմանիչն է Լուսինե Համբարյանը, ով փաստում է՝ ստեղծագործությունը թարգմանելու առաջարկն ստանալուն պես մեծ պատասխանատվություն է զգացել:
«Իհարկե, յուրաքանչյուր գրքի հետ աշխատելիս կա այդ պատասխանատվությունը թե՛ հեղինակի, թե՛ ընթերցողի առաջ, բայց այս դեպքում այն կրկնապատիկ էր, որովհետեւ գործ ունեի շոշափելիության աստիճան իրական մարդու կյանքի ու ապրումների հետ։ Գիրքը կարծես յուրահատուկ «ուղիղ եթեր» լինի։ Ու ես՝ որպես միջնորդ գրքի եւ ընթերցողի միջեւ, պետք է փորձեի հնարավորինս աննկատ մնալ, այսինքն՝ ընթերցողը կարդալիս պետք է զգացողություն ունենա, որ լսում է հենց տասներեքամյա աղջկան եւ ոչ թե նրա մասին պատմողին։ Հենց սա էր երեւի թե դժվարությունը»,- «Առավոտի» հետ զրույցում նշում է Լուսինե Համբարյանը՝ հավելելով, որ գործը կարդալիս չհուզվելն անհնար է։

Թարգմանիչը փաստում է՝ թարգմանության պրոցեսը ինքնին հեշտ չէր։ Շեշտում է՝ դժվարությունները հատկապես կապված էին ոճական հարցերի հետ։ «Թեկուզ այն, որ պետք է կարողանայի տասներեք տարեկան աղջկա մտքերն ու անմիջականությունը փոխանցել՝ առանց ավելորդ պարզեցումների եւ բարդացումների: Այս գործն ունի թե՛ ճանաչողական, թե՛ փաստական, թե՛ գեղարվեստական արժեք. հենց այս պատճառով է, որ կարող է հետաքրքրել տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց։ Մի տասներեքամյա աղջիկ հայտնվում է, մեղմ ասած, դժվարին իրավիճակում, որը անտանելի կարող է լինել նույնիսկ հոգեհուզական համակարգի համարյա լիակատար ներդաշնակության հասած անձի համար, ուր մնաց՝ դեռահաս աղջկա, որը դեռ ինքնաճանաչման ու աշխարհաճանաչման ճանապարհին է։ Եվ այս աղջիկը վերցնում է գրիչն ու մեզ փոխանցում թե՛ այդ ճանապարհը, թե՛ իրավիճակը ականատեսի աչքերով, թե՛ իր պայքարը։ Ու մենք կարողանում ենք ոչ միայն կարդալ այն ամենի մասին, ինչ հաճախ լսել ենք, այլ նաեւ տեսնել այդ ամենը, տեսնել ներսից՝ Աննա Ֆրանկի աչքերով»,-հավելում է Լուսինե Համբարյանը:

Թարգմանիչը վստահ է՝ կարդալով այս գիրքը՝ ընթերցողը կբացահայտի, թե ինչքան ուժեղ կարող է լինել մարդը։ Եվ այդ ուժը բնորոշ չէ միայն Աննա Ֆրանկին եւ մնացած մարդկանց, ում մասին կարդում ենք գրքում. այդ ուժը բնորոշ է մարդ տեսակին, որը, հայտնվելով կյանքի հետ անհամատեղելի պայմաններում, այնուամենայնիվ, ապրում է, դեռ մի բան էլ՝ չի կորցնում հույսը, երբ չունի հուսալու համար որեւէ օբյեկտիվ հիմք. նա ամենաանսեր իրականության մեջ կարող է սիրել, ամենադաժանում՝ լինել բարի։
Լուսինե Համբարյանը փաստում է՝ առանց ուսումնասիրություն կատարելու սխալ է համարում որեւէ գործի հետ աշխատելը։ «Ուսումնասիրությունը ոչ միայն օգնող հանգամանք է, այլ նաեւ պարտադիր, եթե ցանկանում ես, որ արածդ արժեք ունենա։ Թարգմանիչը պետք է կարողանա ճանաչել հեղինակին եւ նրա ապրած իրականությունն այնքան, որ կարողանա լեզուն փոխելով չփոխել ձեռքն ու միտքը, որոնք ստեղծել են այդ ստեղծագործությունը»,-հավելում է նա:

Նշենք, որ Լուսինե Համբարյանն այս պահին խմբագրում է Ռեմարկի «Հաղթական կամար» ստեղծագործությունը, որը շուտով նոր թարգմանությամբ հրատարակվելու է «Էդիթ Պրինտ»-ի կողմից։

 

ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

06.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031