Լրահոս
Օրվա լրահոսը

Տարկետման տնտեսական բեռը

Դեկտեմբեր 07,2017 13:30

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի հետ

– Պրն Ճուղուրյան, վերջին օրերին առավել սրվեցին ակադեմիական տարկետման քննարկումները, ընդհուպ հասնելով ուսանողների կողմից կոչ արվող բողոքների եւ դասադուլների: Ի՞նչ եք կարծում, արդարացվա՞ծ են, արդյոք, ուսանողների պահանջները:

– Ինձ միշտ էլ ոգեւորել է ըմբոստ եւ պահանջատեր ուսանողության տեսակը, որը, ցավոք, մեր իրականությունում գնալով պակասում է: Բայց ձեր նշած խնդրի պարագայում գոնե ինձ համար մի շարք հարցեր լրացուցիչ մեկնաբանությունների տեղիք են տալիս, եւ պետք է որոշակիորեն ընդառաջ գնալ ուսանողությանը:

– Կարո՞ղ եք բացել փակագծերը: Խոսքն ինչի՞ մասին է:

– Գոնե ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ուսանողները դեմ են նոր նախագծին` հիմնականում բանակ չգնալու եւ չծառայելու ձգտումներով, քանի որ նրանց կողմից առաջ քաշվող փաստարկները թույլ են: Եթե առաջ է քաշվում կրթության խզման պատճառով գիտական առաջընթացի կանխարգելման ռիսկը, ապա ես դա հիմնավոր չեմ համարում: Գիտնական դառնալը կամ գիտությամբ զբաղվելը իրատեսական է բոլոր տարիքներում, միայն թե անհատը ունակ լինի լրջորեն դրանով զբաղվելու, լինի դա ծառայությունից հետո, կամ գուցե ավելի հասուն տարիքում: Իսկ եթե կգտնվեն գիտության ասպարեզում փայլուն երիտասարդներ, եւ ոչ թե սոսկ ատենախոսություններ գրողներ, ապա հենց առաջատար գիտական ղեկավարների միջնորդությամբ կառավարությունը նրանց թող աջակցի հետազոտական աշխատանքներ կատարելու եւ հատուկ որոշմամբ ազատի ծառայությունից:

– Ուրեմն դուք կո՞ղմ եք տարկետմանն առնչվող այս նոր օրենսդրական նախաձեռնությանը:

– Կողմ եմ, բաց որոշ վերապահումներով: Այն դեռեւս լրամշակման կարիք ունի մի շարք ուղղություններով, որոնք հատկապես առնչվում են հարցի տնտեսական կողմին: Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ պաշտպանության ծրագրերին մասնակցող բակալավրիատի ուսման վարձի փոխհատուցում, որը ողջունելի է բոլորիս կողմից: Բայց արդյոք հաշվարկե՞լ են, թե ինչ կլինի, եթե բարձր ուսման վարձ վճարող ուսանողները զանգվածաբար որոշեն մասնակցել ծրագրերից որեւէ մեկին: Արդյոք կարո՞ղ է կառավարությունը դիմակայել այդ ֆինանսական բեռին, մանավանդ, երբ ծառայությունից հետո պետք է պետության կողմից փոխհատուցվի նաեւ մագիստրոսական կրթավճարը: Ասեմ ավելին, այստեղ միտում եմ տեսնում նաեւ հանրային ֆինանսների փոշիացման, երբ ծառայությունից հետո սպայական կազմին անհասկանալի պատճառներով գումար է տրվում գործարարությամբ զբաղվելու համար:

– Իսկ ի՞նչ պետք է անի սպան ծառայությունից հետո, նորից դառնա գործազո՞ւրկ:

– Մենք ունենք Խորհրդային Միության սպայական ռեզերվի դառը փորձը, երբ բուհերի շրջանավարտներին տրվում էր սպայական կոչում, այդ ուղղությամբ ծախսվում էին խոշոր գումարներ, սակայն արդյունքում նրանք ընդհանրապես օտարվում էին ռազմական ոլորտից: Հիմա արդեն մեր հանրապետությունը հարկատուների հաշվին նախատեսում է լուրջ գումարներ ծախսել սպայական կազմի պատրաստման վրա, եւ անթույլատրելի պիտի համարեմ, որ դա նպատակաուղղվի միայն երեք տարով ծառայելուն: Այս առումով, նպատակահարմար կլիներ, եթե բակալավրիատի ուսանողները մագիստրոսական կրթություն ստանային հենց ծառայության ընթացքում (հեռավար, հեռակա, էքստեռն), այն էլ ռազմարդյունաբերական ոլորտին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող մասնագիտությունների գծով: Գաղտնիք չէ, որ այսօրվա մագիստրատուրան կաղում է, կտրված է իրականությունից եւ շատ դեպքերում բուհերը անարդյունավետ ծրագրեր են իրականացնում: Եկեք մի պահ պատկերացնենք, որ ծառայության ընթացքում սպան ընդգրկվում է բանակաշինությանն առնչվող մագիստրոսական ծրագրում (կլինի դա հումանիտար, թե բնագիտական): Արդյունքում կունենանք ոչ թե «վերացական» մագիստրոսական ծրագրեր, որոնցից մինչ այսօր էլ բուհերը չեն կարողանում ձերբազատվել, այլ իրատեսական մագիստրոսական կրթություն:

– Ուրեմն դուք առաջ եք քաշում «մագիստրատուրան նաեւ բանակում» թեզը, արդյոք այն իրագործելի՞ է:

– Այն ոչ միայն իրագործելի է, այլեւ տնտեսական եւ սոցիալական առումով նպատակարմար: Նախ, բակալավրիատի շրջանավարտը ծառայության ընթացքում չի կտրվում կրթությունից եւ կատարում է այնպիսի հետազոտական աշխատանք, որն ուղղված է երկրի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը: Իր հերթին, պետությունը այդ ուղղությամբ հասցեագրված գումարներ է ծախսում եւ պետպատվերի իրականացումից վերահսկելի արդյունքներ ակնկալում: Իսկ այն սպաները, որոնք բանակային ուսումնառության ընթացքում առաջադիմություն կդրսեւորեն մագիստրատուրայում, առանց տարիներ կորցնելու, ծառայությունից հետո կընդունվեն ասպիրանտուրա եւ կխորացնեն իրենց գիտահետազոտական գործունեությունը ռազմարդյունաբերական ոլորտում: Եթե փորձ արվի կրթությունը համակցել ծառայությանը եւ այս համատեքստում պայմանագրեր կնքվեն, ապա այն գրավիչ կլինի թե անհատ ուսանողների եւ թե պետության համար, քանի որ սոցիալ-տնտեսական շատ հարցեր կլուծվեն եւ տարկետման տնտեսական բեռը այս դեպքում կարդարացվի:

 

Զրուցեց ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ

«Առավոտ»

06.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031