Լրահոս
Օրվա լրահոսը

Մի կեղտոտ երեւույթի մասին, որ կոչվում է «ձեռ առնել»

Դեկտեմբեր 07,2017 13:00

Դուք սրան հաճախ չեք անդրադառնում, բայց մարդուն ձեռ առնելն ու նրա տկարության վրա ծիծաղելն անթասիբ բան է: Ձեռ առնելու եւ ծաղրելու մեջ առաքինություն չկա: Իսկ եթե ձեր հավատքը առաքինություն չի ծնում, ապա դուք միշտ կպած կմնաք այս աշխարհի ցանկություններին, ապականությանը մոտ, ու հաղորդակից չեք լինի աստվածային բնությանը: Սա Պետրոս առաքյալն է ասում:

«Որպեսզի հաղորդակից լինեք աստվածային բնությանը եւ հեռու մնաք այս աշխարհի ցանկություններից եւ ապականություններից, ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերատարություն, համբերատարությամբ՝ աստվածապաշտություն, աստվածապաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ ՍԵՐ» (Բ.Պետրոս 1:4-7):

Պատկերացրեք՝ դուք մի բազմազավակ ընտանիքի ծնող եք: Ձեր երեխաներից մեկը սխալ է գործում (խոսքով կամ գործով), ու սայթաքում: Դուք ի՞նչ կուզեք: Կուզե՞ք, որ ձեր մյուս երեխաները ծիծաղեն ու ձեռ առնեն սխալված երեխային, թե՞ օգնեն նրան ու բարձրացնեն: Իսկ դուք էլ ձեր երեխային ձեռ կառնե՞ք ու ամբողջ ընտանիքով կծիծաղե՞ք նրա վրա: Եթե այո, ապա այդ երեխան էլ ո՞ւր գնա:

Լավ է, որ մեր Երկնավոր Հայրն այդպես չի անում: Ու ՆԱ նույնն է սպասում մեզանից յուրաքանչյուրից: Որովհետեւ մենք բոլորս, ճիշտ թե սխալ, ԻՐ զավակներն էնք: «Նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ» (Մաթեւոս 5:45): Եվ մեզ տրված չէ իրար դատել:

Իսկ մե՞նք: Ինչքան ենք իրար «ձեռ առնում»:

Տեսել եմ, թե ինչպես են ծնողները ստից, իբր կատակով, ձեռ առնում իրենց փոքրիկ զավակներին, եւ նույնիսկ մյուս զավակների ներկայությամբ, առանց մտածելու, թե ինչ ցավ են թողնում իրենց իսկ զավակի հոգում:

Տեսել եմ, թե ինչպես են հեռուստատեսությամբ ձեռ առնում տկարին:
Տեսել եմ՝ ինչպես են մամուլում ձեռ առնում հակառակորդին (լինի քաղաքական, միջազգային, թե անձնական):

Տեսել եմ, թե ինչպես են պատվելի ու հարգված մարդիկ ձեռ առնում իրենց հետ չհամաձայնվողներին:

Սիրելի քույրեր ու եղբայրներ, որեւէ մեկին, ով էլ լինի, ձեռ առնելը պատիվ չի բերում, անթասիբ բան է: Տեսնո՞ւմ ես մեկի սխալը, կամ օգնիր շտկել, կամ էլ՝ եթե չես կարողանում, ապա լուռ մնա: Ձեռ առնե՞լս որն է:

Հիշո՞ւմ եք՝ ինչ արեց Քամը, իր հոր՝ Նոյի մերկությունը տեսնելով, գնաց եղբայրներին պատմեց: Լավ բան չարեց իր հոր նկատմամբ (հիմա մարդը հող էր մշակել, գինի էր քաշել, մի երկու բաժակ խմել էր: Որի՞ տունը չի լինում): Իսկ եղբայրները Քամի հետ չծիծաղեցին հոր վրա ու ձեռ չառան նրան, այլ Սեմն ու Հաբեթը «հագուստներ առան իրենց ուսերին եւ, յետ-յետ գնալով, ծածկեցին իրենց հօր մերկութիւնը»: Ծննդոց 9:23: Նոյը Քամին անիծեց իր արարքի համար: Իրար մի ծաղրեք: Չլինի թե հանկարծ մեկի անեծքի տանք ընկնեք:
Պողոս առաքյալն էլ այս իմաստով խրատում է Եփեսացներին (5:4) ու ասում «հեռո՛ւ ձեզնից զազրախօսութիւն կամ յիմար խօսք կամ խեղկատակութիւն, որ վայել չեն. այլ, մանաւանդ, գոհութիւն թող մատուցուի Աստծուն»: Իսկ Փիլիպեցիներին էլ ասում է (2-3) թե՝ «Մի՛ արէք որեւէ բան հակառակութեան ոգով, ոչ էլ որեւէ բան՝ սնապարծութեամբ, այլ խոնարհութեամբ մէկդ միւսին աւելի լա՛ւ համարեցէք, քան ինքներդ ձեզ»:

Լսո՞ւմ եք: Ասում է՝ իրար ծաղրելու փոխարեն, «մէկդ միւսին աւելի լա՛ւ համարեցէք, քան ինքներդ ձեզ»:

Իսկ մե՞նք: Առավոտյան դուրս ենք գալիս, մեր ոտի տակն ավլող հավաքարարի կողքով կամ անտարբեր, կամ էլ քմծիծաղով ենք անցնում, աշխատանքի վայրում աշխատակիցներին ծաղրում (կամ բարձրաձայն, կամ մտքի մեջ), հեռուստատեսությամբ ձեռ առնում, մամուլում ձեռ առնում, ուսուցիչը աշակերտին ձեռ առնում, հակառակորդին ծաղրում ենք, բարեկամը բարեկամի վրա ծիծաղում, ընտանիքներում իրար ձեռ առնում՝ անուններ կպցնելով:

Սիրելի բարի մարդիկ, քրիստոնյա եղբայրներ ու քույրեր: Պետք չէ, որ այսպես լինի: Չէ՞ որ մենք մկրտված մարդիկ ենք, հանուն Սբ. Երրորդության: Միշտ հիշենք այս վեհ կոչումը: Հիշո՞ւմ եք, որ Տեր Հիսուսն աաց, թե՝ «եթե փոքր բաների մեջ հավատարիմ լինեք, ապա մեծ բաների վրա կկարգվեք» (Ղուկաս 16:10): Ահա մի փոքր բան, որի վրա կարող ենք ուշադրություն դարձնել, այլեւս որեւէ մեկին ձեռ չառնել ու չծաղրել: Թվում է, թե փոքր բան է, բայց հեռու գնացող օրհնաբեր հետեւանքներ ունի:

Եկեք այլեւս որեւէ մեկին ձեռք չառնենք: Ու չհամաձայնվենք, չհանդուրժենք, երբ մեր ներկայությամբ որեւէ մեկին ծաղրում են կամ ցածրացնում, «որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է» (Մաթ. 5:45):

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

06.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031