ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանի հավաքականը Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկելու ՄՕԿ-ի գործկոմի որոշումը, հայտարարել է, թե Ռուսաստանի մարզիկները կարող են մեկնել Փհենչհան եւ հանդես գալ չեզոք դրոշի ներքո: «Անկասկած, մենք շրջափակում չենք հայտարարի, չենք խոչընդոտի մեր օլիմպիականներին՝ մասնակցել Խաղերին, եթե նրանցից մեկն ու մեկը կցանկանա մասնակցել անհատապես», – ասել է երկրի ղեկավարը Նիժնի Նովգորոդի Գորկու անվան ավտոգործարանի աշխատավորների հետ հանդիպման ժամանակ:
Ռուսաստանի առաջնորդը նաեւ հավելել է: «Մեզ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է մանրամասն եւ ուշադիր ծանոթանալ եղած փաստաթղթերի հետ: Վերջնական որոշումն, իհարկե, պետք է կայացնի օլիմպիական հավաքը», – ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանն ինքն է ՄՕԿ-ին այդպիսի որոշում կայացնելու առիթ տվել, որից այնքան ել ազնվորեն չօգտվեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ