Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականներ Մերձավոր Արեւելքից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Գաս Բիլիրակիսը.
«Կարծում եմ, մենք պարտավոր ենք օգնություն հատկացնել այն պետություններին, որոնք օթեւան են տրամադրել Սիրիայից ու Իրաքից ժամանած քրիստոնյաներին: Նախագահ Թրամփը նույնպես կողմնակից է, որ մենք ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանը լինենք»:
Կոնգրեսականի խոսքով, Հայաստանը, որը վերջին տարիներին բազմաթիվ քրիստոնյաներ է ընդունել Մերձավոր Արեւելքից, նույնպես կարող է ակնկալել օգնություն՝ փախստականներին աջակցելու հարցում.
«Ես կոչ եմ անում Հայաստանի ներկայացուցիչներին կապվել ինձ հետ: Ուրախ եմ աշխատել նրանց հետ այս հարցում»:
Կոնգրեսական Բիլիրակիսը, ով մասնակցում է Վաշինգտոնում այս օրերին անցնող կրոնական ազատության համաժողովին, ընդգծում է, որ Միացյալ Նահանգները պետք է հետեւողականորեն պաշտպանի քրիստոնյաների շահերն աշխարհով մեկ, որտեղ էլ դրանք ոտնահարվեն.
«Մենք բազմաթիվ պետությունների տնտեսական աջակցություն ենք հատկացնում: Սակայն, կարող ենք դադարեցնել աջակցությունն այն երկրներին, որտեղ քրիստոնյաների իրավունքները ոտնահարվում են, որտեղ չկա կրոնի ազատություն»:
Այդ կապակցությամբ կոնգրեսականը կրկին անգամ ընդգծել է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման կարեւորությունը Կոնգրեսի մակարդակով: Հիշեցնենք, որ Թուրքիան, հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, պնդում է, թե փոխարենը տեղի են ունեցել Առաջին աշխարհամարտով պայմանավորված զանգվածային սպանություններ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայնի» կայքում: