Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջունգլի էր, երբ մտանք այդ ասպարեզ»․ Միքայել Սրբազանն՝ անօթևանության խնդրի ուսումնասիրման մասին. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 22:15

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանն այսօր հանդես եկան հաշվետվությամբ՝ ներկայացնելով այս կառույցի մեկ տարվա գործունեությունը։ Այս հիմնադրամը ստեղծվել է երկու տարի առաջ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից, նպատակն անօթևան գյումրեցիների համար բարերարների միջոցով սոցիալական բնակարաններ հայթայթելն ու քաղաքը տնակներից ազատելն է։

Ինչպես ներկայացրեց Ղարիբ Հարությունյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեռ շարունակում է իր աշխատավարձը փոխանցել հիմնադրամին, մշտական մասնակցություն է ցուցաբերում նաև քաղաքապետարանի անձնակազմը։ Սակայն մինչ Ղարիբ Հարությունյանի հաշվետվությանն անդրադառնալը, ներկայացնենք Միքայել Սրբազանի հուզական ելույթն անօթևանության թեմայի շուրջ։

Շիրակի թեմի առաջնորդն իր ելույթում «առանց քաղաքական նկատառումների» շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին ու քաղաքային իշխանություններին, որոնք ստեղծեցին հիմնադրամը ու շարունակում են լուրջ դերակատարություն ունենալ իրենց ներդրումներով։

«Տնակային թաղամասերի գոյությունը և տնակների գոյությունը 29 տարի հետո մեր քաղաքում մե՛ր խարանն է։ Մենք միշտ ներկայացնում ենք, թե իբրև պետության խարանն է, երևանցիների խարանն է, կառավարության խարանն է, բայց մե՛ր խարանն է։ Մենք ենք կրում մեր ճակատին, պետությունը չի կրում, իշխանությունը չի կրում։ Եվ մենք հնարավորություն ունեինք այս խարանից ձերբազատվելու, և չուզեցինք ձերբազատվել։ Հիմա դրա համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք մտել են հոգաբարձուների խորհրդի մեջ, և ընդ որում, հոգաբարձուների խորհրդի մեջ մտել են ոչ միայն գաղափարներ տալու, այլ նաև իրենց նյութական աջակցությունը տալու։ Ի սկզբանե ես այդ թելադրանքն արեցի և մեր խորհրդի անդամներն ընդունեցին, որ մենք նույնպես պետք է մեր նյութական մասնակցությունն ունենաք, ոչ թե պարզապես ուղեղային կամ հոգևոր, բարոյական», -ասաց Սրբազանը։

Նա մատնացույց արեց դահլիճում կանգնած մի համեստ երիտասարդի՝ Մհեր անունով՝ հատուկ շնորհակալություն հայտնելով նրան։ «Ուզում եմ ծափահարենք նրան, որ կատարեց մի աշխատանք, որը 29 տարի չէր կատարվում։ 29 տարի կարող էր կատարվել այն աշխատանքը, ինչը որ այս տղան կատարեց մի քանի ամսում։ Այսինքն` հստակ թվերով, տվյալներով որ տնակը, որտեղ է գտնվում, բնակեցվա՞ծ է, թե՞ ոչ, պարզապես հասցե՞ է, թե՞ ոչ, մարդ կա՞, թե՞ ոչ, անունով, ազգանունով, քանակով,ամեն ինչով, ինչը որ ջունգլի էր։Մտանք այս ասպարեզ և ջունգլի էր, չգիտենք՝ քանի տնակ կա, որտեղ կա, ինչպես կա։ Եվ ոչ մեկն այս գործով չէր զբաղվել կամ չէր ուզեցել զբաղվել, ինչը դարձյալ շեշտում է այն հանգամանքը, որ սա մեր խարանն էր, գյումրեցիներս խարանն էր։ Գյումրեցիներիս մեղքն էր, որ փոխանակ օր առաջ ազատվեինք այս խայտառակությունից, ցանկացել ենք ձեռքերը տաքացնել այս խայտառակության վրա, հավելյալ փող ստանալ, հավելյալ դրամ ստանալ, հավելյալ օգուտ ունենալ։ Ես անուններ չեմ տալու, ո՛չ առաջ եմ տվել, ո՛չ հիմա եմ տալիս, ո՛չ հետո եմ տալու, բայց Աստված գիտի բոլոր անունները, բոլոր մեղավորներին։

Եվ ես խնդրում եմ, որ Աստված թողություն տա իրենց մեղքերին, պատիժ չեմ ուզում, թողություն տա այն մեղքին, որ 29 տարի քաղաքը թողեցին այս վիճակի մեջ։Մի կարծեք, թե անպայման իշխանություններին ի նկատի ունեմ, բոլորիս, նաև այն տնակի բնակիչներին, որոնք ունեին հնարավորություն տնակում չապրելու, բայց հատուկ կարգավիճակ ունենալու, հատուկ նպաստ ստանալու և այլ և այլն նկատառումներով իրենց զավակներին զրկեցին արևի լույսից, նորմալ պայմաններում ապրելուց, որպեսզի ծուլության մեջ պարզապես նպաստ ստանան և այսպիսինները կան և եղել են»։

Միքայել Սրբազանը նաև ասաց, որ անհնար է այլևս այսպես շարունակել՝ լացել, ողորմություն խնդրել և ոչինչ չանել։ Նա նաև նշեց, որ ամենադժգոհը ինքն է հիմնադրամի կատարած աշխատանքից․ ոչ թե 27 բնակարան պիտի տված լինեին, այլ առնվազն 270, ոչ թե 104 տնակ պիտի քանդեին, այլ 1040։ «Բայց արել ենք այն, ինչ հնարավոր է եղել», -ասաց Սրբազանը։

Նա նաև նշեց, որ Գյումրիում չկա քաղաքը շենացնելու մթնոլորտ, ամեն մարդ իր տունն է ուզում շենացնել։ «Գյումրին չի մասնակցում Գյումրիի շենացման գործին։ Ի՞նչ է սա նշանակում, որ գյումրեցիների զգալի տոկոս չի ուզում մասնակցել Գյումրու վերականգման և շենացման գործին։ Պասիվ, կրավորական, նեղացկոտ, դժգոհ, փնթփնթացող և թաքնված։ Հարուստներն էլ թաքնված, մարդ չիմանա, որ հարուստ են, էս ծով աղքատության մեջ հանկարծ մարդ չիմանա, որ հարուստ եմ, խայտառակ կլինեմ ստիպված կլինեմ տամ, բա տո՛ւր, որպեսզի այս քաղաքը կայանա, հարստանա, մեծանա, շենանա, դու էլ քաղաքում հանգիստ ման գաս, ոչ թե թաքցնես ունեցածդ»։

Նա ասաց, որ արտերկրում ապրող գյումրեցիները, որոնք ի վիճակի են քաղաքի շենացմանը մասնակցելու, չեն մասնակցում։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ իրենք համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի հետ՝ մեկ տարվա ընթացքում կարողացել են այցելել բոլոր տնակային թաղամասերը ու հատ-հատ դիտարկել, լուսանկարել ու պարզել տնակների քանակը։ «Այս պահին մեր քաղաքում, ցավոք սրտի, դեռ առկա է 2983 տնակ և 2399 բնակեցված տնակներ։ 584 տնակները կան, բայց մարդիկ չեն բնակվում, այսինքն` կամ արտագաղթել են կամ գոնե դիտարկման պահին չեն եղել տեղում, ուսումնասիրությունները շարունակվում են։ Ասեմ, որ առկա տնակներից՝ 2983-ից ոչ բոլորն էլ են թիթեղյա, այսինքն` այն տնակ իմաստով, որը իրականում կա, ժամանակի ընթացքում ընտանիքները կարողացել են քարաշեն կամ կիսաքարաշեն տեսքի բերել», -ասաց Ղարիբ Հարությունյանը։

Այս տարի հիմնադրամն ապամոնտաժել է 104 տնակ ու այս թվի մեջ ներառված են և՛ սոցիալական բնակարաններ ստացողները, որոնց տներ են հատկացվել հիմնադրամի կողմից և իրավական լուծում պահանջող տնակները ու նաև ԲԳՎ-ով տներ ձեռք բերած մարդկանց տնակները։ Ղարիբ Հարությունյանը նշեց, որ միջոցներ հայթայթելով՝ 27 սոցիալական բնակարաններ են հատկացրել։ Իսկ միջոցների հայթայթումը եղել է տարբեր ուղղություններով՝ տարբեր նվիրատվությունների արդյունքում, նվիրատուների, բարեգործական միջոցառումներ։ Նվիրատուների թիվը 1154 է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031