Լրահոս
Օրվա լրահոսը

Պիպոյանն` ադրբեջանական կոնֆետների մասին. «Մեղավորներ փնտրել պետք չէ»

Դեկտեմբեր 06,2017 20:03

Ադրբեջանական արտադրության կոնֆետների՝ մայրաքաղաքի խանութներից մեկում վաճառքի Aravot.am-ի ահազանգի հետքերով գնացած լիազոր մարմինը՝ ՍԱՊԾ-ն նման ապրանք չի հայտնաբերել: Սննդի անվտանգության պետական ծառայությունը նաեւ հայտարարել է՝ «ՍԱՊԾ պետական սահմանային վերահսկողության շրջանակներում ադրբեջանական սննդամթերք չի ներմուծվում հանրապետություն»:

Այսինքն՝ սահմանային կետով անցնող ՍԱՊԾ-ի վերահսկողության եւ ստուգման ենթակա սննդատեսակների մեջ, ըստ ՍԱՊԾ-ի, ադրբեջանական ծագման սնունդ չի եղել:

Եթե Հայաստանի խանութներում հայտնվել է ադրբեջանական ծագման ապրանք եւ ՍԱՊԾ-ն սահմանին չի ստուգել, նշանակում է, կամ այս ապրանքը ապօրինի ճանապարհով է ներմուծվել ՀՀ, կամ այդ կոնֆետները անձնական սպառման համար նախատեսված եւ օրենքով թույլատրելի ծավալով է, որը ՍԱՊԾ-ն, այս ապրանքի դեպքում, ըստ օրենքի, չպետք է ստուգի:

Պետական եկամուտների կոմիտեից Aravot.am-ին հայտնեցին, որ ՊԵԿ-ը զբաղվում է այս խնդրով: Հիշեցնենք, որ հայկական շուկայում ադրբեջանական խնձորների հայտնվելուց հետո էլ ՊԵԿ-ը պարզաբանել էր, որ ադրբեջանական ապրանքների վաճառքը ՀՀ-ում չի արգելվում:

Հիմա խնդիրն այն է, թե ի՞նչ ճանապարհով են այդ կոնֆետները հայտնվել հայկական շուկայում, եւ արդյոք դրանք ապօրինի են ներմուծվել, կամ դրանք արդյոք անձնական օգտագործման համար են բերվել:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական ծագման կոնֆետների խնդրին, ասաց, որ տեսականորեն հնարավոր է անձնական օգտագործման համար ներմուծած լինեն՝ սահմանված զանգվածի սահմաններում. «Եթե հնարավոր է, որ սահմանված ծավալներից ավելին լինի, ապա գործ ունենք խնդրի հետ՝ թե սահմանային հսկողության, թե՝ հետագա: Եթե ինչ-որ մեկը անձնական նպատակով է բերել, բայց այն խանութում վաճառում է, այս դեպքում գործ ունենք ոչ թե ՊԵԿ-ի, այլ սննդի շղթայի վերահսկողության լիազոր մարմնի հետ, որովհետեւ իրացման ցանցում եւս պետք է լինի ապրանք, որը ունի հայերեն մակնշում եւ համապատասխանի սննդամթերքի անվտանգության մասին օրենքով ներկայացված պահանջներին: Իսկ եթե անձնական սպառման նպատակով է բերվել, վաճառակետում չպետք է հայտնվեր: Եվ ուրեմն՝ այստեղ անելիքը ոչ թե ՊԵԿ-նն է, այլ սննդի անվտանգության պետական ծառայությանը»:

Մեր դիտարկմանը, որ ՍԱՊԾ-ն վստահեցնում է՝ ադրբեջանական կոնֆետ սահմանային հսկողության ժամանակ ծառայությունը չի հանդիպել ու չի ստուգել, իսկ սա նշանակում է մաքսակետով, օրինական ճանապարհով՝ մաքսազերծմամբ այդ ապրանքը չի մտել Հայաստան, Պիպոյանը պատասխանեց.

«Այ դրա համար էլ սա այն խնդիրն է, որտեղ մեղավորներ փնտրել պետք չէ, որովհետեւ չի բացառվում, որ բերված լիներ անձնական օգտագործման համար: Բայց այլ խնդիրն էլ կա՝ չգիտես՝ ինչո՞ւ, միշտ հանրային վերահսկողության արդյունքում է հայտնաբերվում խնդիրը: Եվ, ըստ էության, հանրային ընդվզումներին լիազոր մարմինն արձագանքում է այն դեպքում, երբ անելիք չունի, եւ ոչ այն դեպքում, երբ անելիք ունի, որովհետեւ օրեր շարունակ քննարկվում է շուկայում հայտնաբերված հակաբիոտիկներով հավի խնդիրը, հակամրցակցային մարմինը հայտնաբերեց կեղծված մթերքներ, որոնք առ այսօր շարունակվում են վաճառվել: Իսկ ՍԱՊԾ-ն գալիս է հանրային դաշտ, մտնում քննարկումների պլատֆորմ, այն դեպքում, երբ անելիք չկա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031