Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը մեծ պարտք ունի զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների առջև. Վիգեն Սարգսյան

Դեկտեմբեր 06,2017 19:21

Դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարության համակարգի 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրով շահառուներին բնակարանների գնման վկայագրեր հանձնելու արարողությունը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փաստել է, որ զոհված զինծառայողների և զինհաշմանդամների ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։

«Պետությունը մեծ պարտք ունի զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների առջև։ Հետևողական քայլեր մշտապես կատարվել և շարունակելու են ձեռնարկվել մեր երկրի անվտանգության ու պաշտպանության համար իրենց կյանքը զոհած կամ առողջությունը վտանգած համաքաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ես փորձել եմ զոհված զինծառայողների ընտանիքների և առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների խնդիրներին մոտենալ ավելի կանոնակարգված ձևով»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է մինչև այս կատարված հիմնական քայլերը՝ դրանցից առանձնացնելով հատկապես Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ստեղծման, զինհաշմանդամների վերականգնողական նոր կենտրոնի կառուցման և բնակարանային ապահովման նշյալ ծրագրի ուղղությամբ կատարվող գործնական քայլերը։

Անդրադառնալով 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների ընտանիքներին տրված բնակարանների գնման վկայագրերին՝ պաշտպանության նախարարը ընդգծել է, որ այս գործընթացում տարիներ շարունակ օրենսդրական կարգերի փոփոխություն չի կատարվել, պարզապես այն արագացվել է՝ հիմք ընդունելով ապրիլի 20-ին «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ ըստ որի վերոնշյալ խնդիրը պետք է լուծվեր 3 տարվա ընթացքում։ Սակայն համակողմանիորեն ուսումնասիրելով հարցը՝ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների, մասնավորապես՝ տեսախցիկների արձանագրած խախտումներից գոյացած գումարի մի մասը բնակարանային ապահովման նշյալ ծրագրին ուղղորդելու շնորհիվ հնարավոր է դարձել խնդիրը կարգավորել անհամեմատ սեղմ ժամկետներում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ շահառուներին տրված բնակարանների գնման վկայագրերում հիմք են ընդունվել նրանց գրանցման հասցեները և ըստ այդ հասցեների անշարժ գույքի գործող կադաստրային արժեքները։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև շահառուներին հետաքրքրող հարցերին։

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031