Լրահոս
Օրվա լրահոսը

Թակելով դուռը՝ մեծահարուստ պատգամավորի հայրն անակնկալի բերեց գյումրեցի Մկշլյաններին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Դեկտեմբեր 06,2017 19:03

Այսօր «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում ներկայացվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տարեկան գործունեության հաշվետվությունը, որից հետո հիմնադրամի անդամներն ու լրագրողները հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գլխավորությամբ ուղևորվեցին Գյումրու գողտրիկ վայրերից մեկում՝ Բարեկամության այգում գտնվող Մկշլյանների տնակ։

Գյումրիում տեղացող ձյունը մի կախարդական տեսարան էր բացել այգում․ ափսոսում էիր անգամ ոտք դնել այնտեղ։ «Գյումրին առանց տնակի» հիմնադրամն էլ, կարևորելով քաղաքի այդ հատվածը, այգին փորձում է ազատել տնակային թաղամասից․ այստեղի բնակիչներին հերթով սոցիալական բնակարաններ է տրամադրում՝ քանդելով երկրաշարժից հետո կանաչ տարածքում հայտնված տնակները։

Այսօր հերթը Մկշլյանների 5 հոգանոց ընտանիքինն էր։ Միքայել Սրբազանը ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի հոր՝ Գյումրիում Ուկրաինայի պատվո հյուպատոս Սոս Սահակյանի հետ բացեց նրանց տնակի դուռը, ներս մտավ ու ավետեց բնակարան գնելու լուրը։ Մկշլյանները մի պահ կարկամեցին՝ հուզմունքից չկարողանալով բառ արտաբերել։

Սրբազանը հուշեց․«Շնորհակալություն հայտնեք պարոն Սահակյանին, նա է գնել ձեր համար բնակարան ու հագնվեք, գնում ենք ձեր նոր տուն»։

Ընտանիքի հայրը՝ Անդրանիկ Մկշլյանն ասաց․ «Երևի աչքովս տեսնեմ, չհավատամ, գիտեի, որ ազատելու են Բարեկամության այգին, բայց երբեք մտքովս չէրի անցնի, որ ինձ էլ են բնակարան գնելու․․․Չգիտեի՝ երբ, որ ժամին կհասնի իմ հերթը, 90 թվականից այստեղ ենք ապրում, երեխաներս այստեղ են ծնվել»։

Մկշլյաններն ասացին, որ տնակում միշտ կռիվ են մղել առնետների հետ, նույնիսկ խմելու ջուր չունեն, ձյունն են հալեցնում, որ ջուր ունենան։

Այնուհետ տեղափոխվեցին Գյումրու նորակառույց Մուշ թաղամաս, որտեղ և Սոս Սահակյանը գնել էր այս ընտանիքի համար 3 սենյականոց բնակարան։

Ներս մտնելուն պես՝ Անդրանիկ Մկշլյանն ասաց․«Ամբողջ ընթացքում դողում եմ, այ քեզ բան»։

Բարերարը հորդորեց ուրախությամբ վայելել և մոռանալ վատ անցյալը։ Իսկ Միքայելը Սրբազանն ասաց․ «Թոռդ թող մեծանա, հարուստ մարդ դառնա, ուրիշներին օգնի, հիշի, որ իրեն օգնել են, ինքն էլ ուրիշներին օգնի»։

Սոս Սահակյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ «Դիլմահի» սեփականատերը, 2 ամիս առաջ Շրի Լանկայից այցելելով Հայաստան, հերթական բարեգործական ակցիան կատարեց, միասին որոշել են բնակարան նվիրել գյումրեցի որևէ անօթևան ընտանիքի։ «Դիլմահ» և «Սովրանո» ընկերությունները համատեղ այսօր նվիրեցին այս բնակարանը։ «Լինելով տնակում՝ ես հասկացա, որ շատ մարդիկ են այս օրվան սպասում, այս գործընթացին արագություն է պետք հաղորդել,, և ժողովրդին այս մղձավանջից հանել, 29 տարվա սարսափելի ճնշումից ազատել»,- ասաց Սոս Սահակյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Saqo says:

    Տղու չերածի ու ժողովրդին խաբածի դեմ ինչ է էրել օր????????????Ստից պոպուլիօստական բանմ կենե լրատվամիջոցներն էլ հիացած կլուսաբանեն:Լավ կեղնի տղեն քիչ մտնի մեր մարզի գործերի մեջը………….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031