Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճիշտ է, տնտեսության վիճակը գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի». Կարեն Կարապետյան

Դեկտեմբեր 06,2017 18:33

«Պաշտոնը ստանձնելիս ասացիք, որ տնտեսության վիճակը գնահատում եմ չափազանց ծանր: ինչպե՞ս եք գնահատում տնտեսության վիճակը այժմ եւ ինչպե՞ս եք կանխատեսում տեսնել տնտեսության վիճակը 2018-ին»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նա առաջարկեց կառավարությանը ապամոնոպոլիզացնել տնտեսությունը՝ եղած պայմաններում աճ գրանցելու համար:

Վարչապետը պատասխանեց. «Ճիշտ է, տնտեսության վիճակը գնահատել եմ ծանր, հիմա գնահատում եմ կառավարելի»: Ինչ վերաբերում է տնտեսական աճին, նա ասաց, որ 10 ամսվա ցուցանիշներով մենք ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, արտահանման աճ եւ այլն, այլ հաշվետվության ձեւ չկա, որ տնտեսությունն աճում է: Նա ասաց, որ տարեվերջին հաշվետվություն կներկայացնեն եւ պարզ կլինի, թե որքան է տնտեսական աճը: Ինչ վերաբերում է մենաշնորհներին, վարչապետն ասաց, որ «մոնոպոլիա մենք չունենք, ունենք շուկաներ, որտեղ գերիշխող դիրք ունեցող կա»:

Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եթե գերիշխող դիրք էլ ունեն, ազատ պայմաններ ստեղծելու դեպքում մեր երիտասարդները այդ գերիշխող դիրքից միայն «գ» տառը կթողնեն: Վարչապետը արձագանքեց. «Դուք դեպք գիտե՞ք, որ մեկն ուզում է շուկա մտնի, իրեն արգելում են, դեպք գիտեք՝ ասեք մեզ: Որեւիցե սահմանափակում չկա, սահմանի վրա որեւիցե մեկին չեն կանգնացնում ու ասում, որ սա կարող ես բերել, սա՝ չէ: Հենց դա է լիբերալ տնտեսությունը, որ մենք որեւիցե մեկին չենք սահմանափակում: Սենց թե նենց մեր շուկայի ծավալներից ելնելով մենք պետք է հասկանանք, որ գերիշխող լինելու է: Ամբողջ խնդիրը նա է, որ հասկանանք, գերիշխող ադմինիստրատի՞վ ռեսուրսով է դառնում, մրցակցայի՞ն, թե՞ այլ ռեսուրսով: Մենք մրցակցային դաշտն ապահովել ենք, եթե վաղը, մյուս օրը գերիշխող լինի, դա դեռ չի նշանակում, որ վատ է, մենք ունենք դրա հակառակ մեխանիզմները»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էլ հետաքրքրվեց կառավարությունից, թե ինչո՞ւ չեն կատարում մեր պետության գլխի՝ Սերժ Սարգսյանի ասածը ու հրաժարական չեն տալիս: Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ասել է՝ ՀՀ այն կառավարությունները 2013, 2014, 2015, 2016, 2017-ի, որոնք չեն ապահովի 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տան: Ի պատասխան՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ կառավարությունները ձեւավորվում են ընտրություններով, ներկայացնում են ծրագիր, որը հաստատում է ԱԺ-ն: Այս կառավարության ծրագրով հաստատված թիրախներում դրված են այլ տնտեսական աճի ցուցանիշներ ու կառավարությունն ամեն ինչ անում է, որ հասնի դրան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031