Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը դո՞ւրս կմնա Եվրոպայի խորհրդից. Նաիրա Զոհրաբյանը չի բացառում

Դեկտեմբեր 06,2017 18:16

«ԵԽ նախարարների խորհրդի այս որոշումը համարում եմ աննախադեպ, այն է` դատական գործընթաց սկսել Ադրբեջանի դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների խորհուրդն իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ, քանի որ վերջինս շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014թ. որոշումը՝ կապված ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու հետ:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ մինչ այս նախարարների կոմիտեն երբևէ նման որոշում չի կայացրել:

Նշենք, որ Նախարարների կոմիտեի այս դիրքորոշումը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «կոշտ» է բնութագրել: Նա հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Նախկինում որևէ պետության վերաբերյալ նախարարների կոմիտեն նման որոշում չի կայացրել: Պետք է նշեմ, որ առաջին անգամ Ադրբեջանի նկատմամբ այս աննախադեպ ներգործության միջոցը կիրառելու վերաբերյալ մտադրությունները հնչեցվեցին այս աշնանը: Ադրբեջանը զգուշացվել էր, որ եթե մինչև նոյեմբերի 29-ը չկատարի ՄԻԵԴ որոշումը, իր նկատմամբ կսկսվի քննություն ՄԻԵԴ Մեծ Պալատում, սակայն նույնիսկ բազմաթիվ զգուշացումների պարագայում ադրբեջանական իշխանությունները նախընտրեցին հնչեցնել կեղծ մեղադրանքներ, քան կատարել ՄԻԵԴ որոշումը»:

Տիկին Զոհրաբյանը հիշեցրեց, որ Նախարարների կոմիտեի զգուշացմանը հետևեց Ալիևի արձագանքը առ այն, որ այս ամենը կազմակերպված է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի կողմից. «Ադրբեջանական բռնակալը հայտարարեց, թե Թորբյորն Յագլանդն արհեստական ճգնաժամ է ստեղծում Ադրբեջանի և ԵԽ-ի միջև: Օրերս Ալիևը սպառնացել է, որ եթե ճգնաժամը ԵԽ-ի և Ադրբեջանի միջև շարունակվի, ապա Ադրբեջանը դուրս կգա ԵԽ կազմից»:

Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ՄԻԵԴ Մեծ պալատում կսկսվի Ադրբեջանի դեմ գործի քննությունը:

Հարցին՝ այդ գործընթացը կհանգեցնի՞ Ադրբեջանի՝ ԵԽ կազմից դուրս թողնելուն, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ադրբեջանը միակ երկիրն է, որ չի կատարում ՄԻԵԴ որոշումը: Դժվարանում եմ պատասխանել: Ամեն ինչ կախված է, թե որքանով կշարունակի Ալիևն իրեն պահել ցինիկ ու հայտարարել, որ Ադրբեջանն իրավունք ունի յուրովի մեկնաբանել ՄԻԵԴ որոշումները: Երբ կկուն հոտած է, սկսում է բույնն անընդհատ փոխել, նույնն էլ Ադրբեջանը՝ չհասկանալով, որ տոտալիտարիզմի հոտն իրենից է գալիս: Այստեղ ցանկացած զարգացում հնարավոր է: Ամեն ինչ հնարավոր է: Աննախադեպ երևույթ է չկատարել ՄԻԵԴ որոշումը, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ կետի խախտում է»:

Նաիրա Զոհրաբյանը նաև վստահեցրեց, որ հունվարի 22-ից 26-ը Ստրասբուրգում կայանալիք՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին այս հարցին անպայման անդրադարձ կկատարվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031