Լրահոս
Օրվա լրահոսը

Ռումբի մասին կեղծ ահազանգ կատարած Էդգար Վիրաբյանը կուղարկվի հարկադիր բուժման

Դեկտեմբեր 06,2017 17:55

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ահաբեկչության մասին սուտ հաղորդում տված Էդգար Վիրաբյանի գործով առաջին դատական նիստն էր: Նրան մեղադրանք է առաջադրվել 2017թ. փետրվարին Մաշտոցի պողոտայում գտնվող տաքսոֆոնից ոստիկանություն զանգահարելու եւ Բաղրամյան պողոտայի շինություններից մեկում ռումբ տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգ տալու համար: Այսինքն, Վիրաբյանը նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել է սուտ հաղորդում:

Դատախազն ընթերցելով մեղադրական եզրակացությունը՝ տեղեկացրեց, որ ըստ համապատասխան բժշկական եզրակացության՝ Էդգար Վիրաբյանն ունի «Շիզոֆրենիա» հիվանդություն եւ հաշվառված է Ավանի հոգեբուժարանում, ուստի ճանաչվել է անմեղսունակ եւ հանրության համար վտանգավորություն ներկայացնող անձ: Ըստ այդմ, դատարանը նրա հանդեպ պետք է կայացնի հարկադիր բուժման որոշում:

Հարցաքննվեց վկա Արթուր Ղազարյանը, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանին հայտնեց՝ դեպքի օրն օպերլիազոր է եղել, երբ ստացել են ռումբի մասին ահազանգ: «Բերման ենթարկվելիս Էդգար Վիրաբյանն ասում էր, որ մի զանգ էլ է կատարել այն մասին, թե ԱԺ շենքում էլ ռումբ կա»,-նշեց ոստիկանը:

Այս առնչությամբ Էդգար Վիրաբյանը հավելեց, որ չի հիշում ինչ է ասել: Չհիշեց նաեւ, որ վերջին տարիներին եւս երկու անգամ ահաբեկչության նախապատրաստման մասին կեղծ ահազանգ է տվել: Այդ մասին դատավորն ակնարկեց՝ հասկանալու համար՝ նա հիշո՞ւմ է նախորդ դեպքերը: Վիրաբյանն էլ պատասխանեց, որ երբեմն որոշ իրադարձություններ չի հիշում:

Դեպքի առնչությամբ էլ պատմեց, որ այդ օրը հուզական ծանր վիճակում է եղել, այցելել է հոր գերեզմանին, ինչից հետո ռումբի մասին ահազանգ տվել ոստիկանությանը: «Հիմա ինձ արդեն լավ եմ զգում, քանի ամիս է՝ բուժվում եմ, շնորհակալ եմ բժիշկներից»,-վստահեցրեց նա:

Հավելենք, որ Էդգար Վիրաբյանը ներկայում էլ հարկադիր բուժման մեջ է՝ ավելի վաղ մեկ այլ արարք կատարելու համար:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց դատարանի որոշումը, այն է՝ Էդգար Վիրաբյանին ազատել քրեական պատասխանատվությունից եւ նրան ուղարկել հարկադիր բուժման՝ համապատասխան հոգեբուժական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031