Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն օր ճաշից կամ դեսերտից հետո ամուսինը ծխախոտը հանգցնում է իր կնոջ վրա. Պատգամավորները՝ ընտանեկան բռնության մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 17:27

Եթե նորմալ է, որ ամեն օր ճաշից կամ դեսերտից հետո ամուսինը ծխախոտը հանգցնում է իր կնոջ վրա, ուրեմն նորմալ է: Ընտանիքներ կան, որտեղ երեխային վատ գնահատականի համար նվաստացնում են: Ու ասում են՝ այդ դեպքերը շատ չեն, էլի, 30-40, 100 դեպք: Այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի քննարկման ժամանակ  այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ իր համար մեկ խեղված ճակատագիրը արդեն ողբերգություն է, լինի կնոջ, երեխայի, թե տղամարդու ճակատագիր:

Նա ասաց, որ վիճակագրության մեկ տոկոսը խոսում է այն մասին, որ կանայք էլ են բռնություն գործադրում՝ տղամարդկանց հանդեպ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հակադարձեց՝ ասելով, որ այս օրենքի անհրաժեշտությունը, հասարակական պահանջը չկա. «Նման դեպքերը՝ սիգարետ հանգցնելը, ծեծելը, չգիտեմ ինչ անելը նկարագրված են Քրեական օրենսգրքում, սահմանված է պատիժ եւ բարի թող լինի ոստիկանությունը զբաղվի այդ գործերով»:

Նա ասաց, որ ընտանիքում կռիվների, խժդժությունների հիմնական պատճառը սոցիալականից է: Ըստ Բաբուխանյանի, օրենքը նախկինի համեմատ բարելավվել է, բայց մնում է շատ հում:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը հիշեցրեց, որ կանանց եւ տղամարդկանց հավասարության մասին օրենքի դեմ էլ երթեր էին կազմակերպվում, օրենքն ընդունվեց ու որեւէ վնաս այն չի հասցրել մեզ:

ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն ասաց, որ կողմ է օրենքին, այնուամենայնիվ, վիճակագրական տվյալները՝ ՀՀ-ում անբարենպաստ ընտանիքների վերաբերյալ, որտեղ կատարվում է բռնություն, խիստ կասկածելի են: Նա վստահեցրեց, որ օրենքը մեր ավանդական ընտանիքներին որեւէ վնաս չի տալու, իսկ աղմուկը օրենքի շուրջ բարձրացավ նրանից, որ սխալ իրազեկեցին հանրությանը:

Արմենուհի Կյուրեղյանն էլ ասաց, որ եթե տղամարդը իր վրա դրված պարտականությունները չի կատարում, արժանանում է կնոջ կողմից «դու ինչ տղամարդ ես, որ» վերաբերմունքին, իսկ երբ կինը չի անում իր պարտականությունները, արժանանում է ծեծի: Ըստ նրա, պետք է փոխենք հասարակության մեջ տարածված կարծրատիպերը: Նա ասաց, որ բռնության միջավայրում մեծացած երեխան հետագայում բռնարար կարող է լինել:

Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը հարցը քաղաքականացրեց, ասելով, որ ի՞նչ պետք է սպասել այն երկրից, հասարակությունից, որի իշխանությունները բռնության միջոցով են եկել իշխանության: Նա ասաց, որ եթե նույնիսկ թոկը վիզները գցած՝ իշխանական թեւի ներկայացուցիչները այս օրենքին կողմ քվեարկեն, օրենքը լիարժեք չի գործի, քանի որ բռնություն քարոզող իշխանությունը անհնար է, որ քայլեր ձեռնարկի, այս օրենքը կիրառելու համար:

ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ դժգոհեց այս օրենքի քննարկումներից, նա ասաց, որ լսումները ֆաշիստական հայտարարություններով, ծայրահեղ գնահատականներով լեցուն էր ու ավելի լավ էր նման քննարկում չանել:

«Ելք»-ի պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ խոսեց հասարակական հանդուրժողականության մասին, նա ասաց, որ զարմանում է, երբ ընտանիքում բռնության հետ կապված մարդիկ հարցնում են՝ ի՞նչ էր արել: Ըստ նրա, անհրաժեշտ է մտածելակերպ փոխել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031