Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի հնարավորինս շուտ ՝ մինչև 2019 թ. Եվրոպական Խորհրդարանի ընտրությունները

Դեկտեմբեր 06,2017 16:52

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության բրյուսելյան գրասենյակում կազմակերպվել է բացառիկ ճեպազրույց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ նվիրված Հայաստան-ԵՄ հարաբերությունների քննարկմանը:

Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին և Հայաստանի ու Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրմանն անմիջապես հաջորդող այս միջոցառումը համակարգվում էր «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոյի կողմից: Միջոցառմանը ներկա էին ավելի քան 30 լրագրողներ, դիվանագետներ, ԵՄ կառույցների, միջազգային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ:

Իր ներածական խոսքում պարոն Աշոտյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոյեմբերի 24-ին Բրյուսելում անցկացված Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամենաշոշափելի հաջողությունն է և հիշեցրեց լսարանին՝ սա առաջին համաձայնագիրն է, որը ստորագրվում է ԵՄ-ի և ԵԱՏՄ անդամ երկրի միջև: Համաձայնագրի տնտեսական ու առևտրային հատվածները համապատասխանեցված են Հայաստանի՝ որպես այլ ընդհանուր շուկայի անդամ պետության պարտավորություններին ու սահմանափակումներին և չեն նախատեսում Հայաստանի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծում: Մյուս կողմից, ՀԸԳՀ-ի քաղաքական մասի հիմնադրույթները առավելագույնս համարժեք են ասոցացման այն համաձայնագրերին, որոնք ԵՄ-ն ստորագրել է Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի հետ:

Պարոն Աշոտյանի կարծիքով, համաձայնագիրն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի՝ ԵՄ-ի հանդեպ ունեցած կարևորագույն ակնկալիքներին, մասնավորապես, դրանով նախատեսվում է ԵՄ-ի կողմից ոչ միայն ֆինանսական աջակցության տրամադրում Հայաստանում անցկացվող բարեփոխումներին, որոնք միտված են հայ հասարակության հետագա ժողովրդավարացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը և մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների պաշտպանությանը:

Եզրափակելով իր ելույթը՝ պարոն Աշոտյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կվավերացվի հնարավորինս շուտ ՝ մինչև 2019 թ. Եվրոպական Խորհրդարանի ընտրությունները, ինչը կնպաստի վիզայի ազատականացման վերաբերյալ բանակցությունների շուտափույթ մեկնարկին: Դրանք դրական ազդակներ կլինեն և արագ ու շոշափելի արդյունքներ կարձանագրեն Հայաստանի քաղաքացիների համար:

Ճեպազրույցին հաջորդած քննարկման ընթացքում հնչեցին համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ հարցեր: Համաձայնագրի ամբողջական իրագործման համար անհրաժեշտ են ԵՄ անդամ 28 պետությունների խորհրդարանների և ԵԽ վավերացումները, իսկ Հայաստանն, իր հերթին, պետք է շարունակի բարեփոխումների իրագործումը՝ ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելով իր ինստիտուցիոնալ և իրավական համակարգը:

Եզրափակելով միջոցառումը՝ «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն իր երախտագիտությունը հայտնեց խոսնակին և մասնակիցներին, ովքեր նպաստում են, որ «EuFoA»-ն իրագործի Հայաստանի և ԵՄ-ի միջև կամուրջներ կառուցելու իր նպատակը. «2018 թ.-ին, ինչպես այս և նախորդ տարիներին, «EuFoA»-ն կշարունակի իր առաքելությունը՝ հանդես գալով որպես Հայաստանի և Եվրոպայի համապատասխան քաղաքական դերակատարների միջև երկխոսության հարթակ: Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու մեր միջոցառումներին»,-նշեց նա:

EuFoA

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031