Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան ընտանիքներ, որտեղ կնոջը ծեծելը առավոտյան ատամը լվանալու պես մի բան է դարձել». Հրայր Թովմասյան

Դեկտեմբեր 06,2017 16:35

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նորից դժգոհեց օրենքի վերնագրից: Ըստ նրա, համերաշխության վերականգնման մասին օրենք գրելը նույնն է, որ օրենք լինի՝ կինն ամուսնուն ժպիտով դիմավորելու մասին: Նա ասաց. «Ինչո՞ւ պիտի ոստիկանը մուտք գործի ընտանիք, մենք հազիվ ենք ձերբազատվել սովետական թաղայինների ինստիտուտից: Թաղայիններից շատերը ամոթի ու բարոյականության հետ լրիվ վերջնահաշվարկ կատարած, համագործակցելով ազատատենչ կանանց հետ՝ գլխահակ ամուսիններին կամ ուղեկցում էին բանտը, կամ տարագիր էին սարքում: Հետո ընտանիքի անդամներ եզրույթը այս ի՞նչ մեկնաբանության է ենթարկվել՝ էլ փեսա, էլ նախկին ամուսնու ծնող, էլ փեսայի քույր, եղբայր եւ ինչ-որ տարօրինակ բան»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ տվեց իր սահմանումը, թե որն է իր պատկերացմամբ ավանդական ընտանիքը: Ըստ նրա, դա համերաշխ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքն է:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ ասաց, որ այս օրենքի նախագիծը հասարակությանը երկու խմբի բաժանեց, մի մասը գտնում է, որ այս օրենքը բոլոր ընտանիքները քանդելու է, մյուս մասը գտնում է, որ բոլոր ընտանիքները օրենքը փրկելու է. «Պետք է արձանագրեմ, որ ոչ նա է լինելու, ոչ էլ նա»:

Նա ասաց, որ կան ընտանիքներ, որտեղ կնոջը ծեծելը առավոտյան ատամը լվանալու պես մի բան է դարձել: Հիմա եթե ուզում ենք, որ դա շարունակվի, ասում ենք՝ դե լավ է, որ այդպես է, չհասկանանք, որ այդ ընտանիքում մեծացող երեխան հետո դպրոցում, բանակում ինչ է լինելու, կարող ենք եւ մերժել օրենքը. «Այս օրենքի գլխավոր նպատակը սա է, որ պետք է լուծի»: Նա ասաց, որ տպավորություն կա, թե օրենքն ընդունելուց հետո մեր ընտանիքներում, տեգր, տալ, սկեսրայր, սկեսուր, մեր սովորույթային հարաբերությունները վերանալու են եւ սկսելու ենք իրար հետ հարաբերվել այս օրենքով: Թովմասյանը վստահեցրեց, որ մենք ունենք մեր ավանդույթները եւ շարունակելու ենք այդպես էլ ապրել:

Ինչ վերաբերում է ոստիկանների՝ ընտանիք ներխուժելուն՝ նա ասաց, որ ոչ մի ոստիկանի ուշքը չի գնում ընտանիք քանդելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031