Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ մարդն ա, խմել ա, ծեծել ա». Արփինե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ այսպիսի ընտանիքներում օրենքն անելիք չունի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 16:11

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի քննարկման ժամանակ խոսեց նախագծի դրույթների ոչ ճիշտ մեկնաբանման, ծայրահեղացման մասին:

Նա ասաց, որ հաջողվել է ներկայացնել այնպիսի նախագիծ, որը փարատում է քննարկումների ժամանակ հնչած մտահոգությունները եւ տարընթերցումների տեղիք չի տալիս. «Այս նախագիծը իր կարգավորումներով վերաբերում է այնպիսի մի արժեքի, որին ՀՀ-ն դարերի խորքից եկող վերաբերմունք ունի»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ընտանիքում ավանդական արժեքների մասին սահմանված ցանկ չկա, ամեն մարդ ունի իր ուրույն մոտեցումը դրան. «Մտնելով իր տան շեմից ներս՝ մարդն ունի իր ընտանեկան ավանդական արժեքները, որոնք հաճախ դռնեդուռ հարեւանների պարագայում կարող են նույն մոտեցումները չկիսել: Այս օրենքը ներկայացվում էր որպես փորձ կարգավորելու ընտանեկան հարաբերությունները: Չկա այդպիսի փորձ»:

Նա ասաց, որ որեւէ մեկը չի կարող կարգավորել եւ չի էլ կարգավորելու ընտանիքում անդամների հարաբերությունները միմյանց հանդեպ. «Որեւէ մեկը չի կարող ինչ-որ մեկին պարտադրել հարգանք, սիրալիր վերաբերմունք, ջերմություն, գորով: Յուրաքանչյուրդ ունեք ձեր պատկերացումները եւ որքան էլ այստեղից զանազան ճշմարտություններ բարբառենք, ճշմարտությունը մեկն է՝ այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուրն ունի իր անհատական պատմությունը, իր բանաձեւը»:

Ինչ վերաբերում է ավանդական ընտանիքին, Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց Սահմանադրության սահմանումը՝ տղամարդու եւ կնոջ միության մասին:

ԱԺ փոխխոսնակը պատմեց, թե ինչպես էր հանձնաժողովում պատգամավորներից մեկը՝ Վանիկ Ասատրյանը ասում, որ գյուղերում վրդովվել են այս օրենքի հետ կապված, ասում են՝  «իմ մարդն ա, խմել ա, ծեծել ա, հլը մի ոստիկան գա մտնի իմ տուն»:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ «գուցե այդ ընտանիքում ավանդական ընտանիքի պատկերացումը դա է ու այս օրինագիծը ոչ մի անելիք չունի այդ ընտանիքում եւ չի կարող կարգավորել այդպիսի հարաբերությունները»:

Նա ասաց, որ որեւէ մեկը չի գալու ու մտնի ընտանիք, քանի դեռ մարդը չի հայցելու պետության աջակցությունը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ ասաց, որ ինքը մերժում է բռնությունը թե՛ ընտանիքում, թե՛ ԱԺ-ում, թե՛ որեւէ այլ տեղ: Ինչ վերաբերում է ավանդական ընտանիքին, նա ասաց, որ ինքը պահպանողական է եւ գտնում է, որ դա կնոջ ու տղամարդու սիրո եւ հարգանքի վրա հիմնված միությունն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031