Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շնորհիվ սոցիալական բոլոր ծառայությունները մատուցվում են մեկ պատուհանի սկզբունքով: Հանրային ռադիոյի «Սպառողի ժամը» հաղորդման շրջանակներում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի և ընձեռած հնարավորությունների մասին խոսել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալ Գառնիկ Նալբանդյանը:
Ոլորտի մասնագետի խոսքով այսուհետ քաղաքացին իր սոցիալական իրավունքն իրացնելու համար ցանկացած խնդրով միայն մեկ վայր պետք է այցելի՝ այդպիսով խնայելով նյարդեր և խուսափելով ավելորդ փաստաթղթերից և քաշքշուկներից: Նալբանդյանի խոսքով՝ այս պահին Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են թվով 18 ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոններ, սակայն ողջ հանրապետությունում ծածկույթ ապահովելու նպատակով նախատեսվում է ունենալ ընդհանուր առմամբ 56 կենտրոն:
Մասնագետի հավաստմամբ` համալիր կենտրոնների ձևավորմանը զուգահեռ ձևավորվում է միասնական տեղեկատվական համակարգ, որն իր մեջ պետք է ներառի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, ծառայություններից օգտվելու կարգերի ամբողջ տեղեկատվությունը:
«Նորաստեղծ տեղեկատվական բազայի շնորհիվ քաղաքացուց այլևս ավելորդ փաստաթղթեր և տեղեկանքներ չեն պահանջվի, միակ պահանջը կլինի դիմումը, այսպիսով հրաժարվում ենք թղթատարությունից և անցնում ծառայությունների սպասարկման առցանց եղանակի: Մի շարք ծառայություններ նույնիսկ արդեն հնարավոր է ձևակերպել առցանց եղանակով, ինչպես օրինակ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար չկա անհրաժեշտություն, որպեսզի քաղաքացին գնա սոցիալական ապահովության տարածքային կենտրոն, նա կարող է երեխայի ծննդյան վկայականն ունենալուց հետո այդ գործողությունները կատարել առցանց և սահմանված ժամկետում ստանալ նպաստը»,-նշել է Նալբանդյանը:
Անդրադառնալով հարցին, թե ովքեր և ինչպիսի հարցերով կարող են դիմել ինտեգրված սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն, մասնագետը նշել է, որ համակարգի մեջ ընդգրկված են զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննական, սոցիալական ապահովության տարածքային բաժինները և սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները: Հետևաբար` կենտրոններ կարող են դիմել քաղաքացիներ, ովքեր գործազուրկ են կամ աշխատանք են փնտրում, քաղաքացիներ, ովքեր ունեն հաշմանդամություն կամ վերականգնողական որոշակի ծրագրերում ընդգրկվելու կարիք, կենսաթոշակային տարիքը լրացած անձինք կամ այլ կենսաթոշակի հետ խնդիրներ ունեցող անձինք, քաղաքացիներ, ովքեր ունեն որոշակի սոցիալական խնդիրներ. «Համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն կարող է այցելել ցանկացած քաղաքացի և կենտրոնում ստանալ համապատասխան խորհրդատվություն, ուղղորդում, պարզաբանում, բացատրություն, եթե քաղաքացու խնդիրը համալիր կենտրոնում լուծելի կլինի, ապա համալիր կենտրոնը ձեռնամուխ կլինի այդ խնդրի լուծմանը, եթե համալիր կենտրոնի կողմից լուծելի խնդիր չի լինի, ապա քաղաքացին կուղորդվի համապատասխան պետական լիազոր մարմին»,-մանրամասնել է Նալբանդյանը:
Անդրադառնալով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հնարավորությանը՝ մասնագետը նշել է, որ համակարգում հնարավորինս նվազեցվում է շահառուի և աշխատողների միջև փոխադարձ շփումն ու կապը: Մյուս կողմից պետության կողմից վարվող քաղաքականությունը գնում է նրան, որ տարանջատվում են սոցիալական ծառայություններ մատուցող և դրամական աջակցություն ցուցաբերող կառույցները: «Այսօրվա գործող համակարգում սոցիալական ծառայություններ տրամադրողը միաժամանակ նաև դրամական աջակցություն է ցուցաբերում՝ ըստ քաղաքացիների անհրաժեշտության, որը բերում է որոշակի կոռուպցիոն ռիսկերի, երբ տարանջատման գործընթացն ամբողջությամբ ավարտվի, որը հնարավոր է իրականացնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շրջանակներում, էականորեն կնվազեն նաև կոռուպցիոն ռիսկերը»,-նշել է նա:
Խոսելով սոցիալական աշխատողի դերի մասին ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում ՝ Նալբանդյանը նշել է, որ համակարգն էականորեն բարձրացնում է սոցիալական աշխատողի դերը: «Սոցիալական աշխատողն ուղղակի ծառայություններ մատուցող անձից վերածվում է համակարգող աշխատողի և ինքը դառնում է սոցիալական դեպքի համակարգող, յուրաքանչյուր դիմած շահառուի համար բացվում է համապատասխան սոցիալական դեպք և դրա իրականացման համար ձևավորվում է մի կողմից ներքին ցանց, որն արդեն առկա է համալիր ծառայության ներսում, մյուս կողմից արտաքին աջակցության ցանց, որտեղ կարող են ներգրավվել ցանկացած այլ կառույցներ՝ համայնք, ոստիկանություն, մարզպետարան, տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք ի վիճակի են աջակցել տվյալ շահառուին: Այս ողջ գործընթացի համակարգման հերթական քայլերի արդյունավետության գնահատման և դեպքի վարման կենտրոնում սոցիալական աշխատողն է»,-նշել է Գառնիկ Նալբանդյանը:
Ամփոփելով խոսքը՝ մասնագետը ևս մեկ անգամ շեշտել է, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ բոլոր սոցիալական ծառայությունները կլինեն մեկ տանիքի տակ և կգործեն մեկ պատուհանի սկզբունքով՝ հեշտացնելով քաղաքացու կյանքը:
Արմեն Մինասյան