«Պարոն Բաբուխանյան, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս այս դահլիճում կանանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններով հանդես գալ: Թերեւս սա է ձեր վերաբերմունքը կանանց եւ նրանց նկատմամբ բռնության, խնդրում եմ ուշադիր լինել ձեր ընտրած արտահայտությունների նկատմամբ»,- ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին այսպես դիտողություն արեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Իսկ ԱԺ-ում քննարկվում է Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Հայկ Բաբուխանյանն ասել էր, որ օրենքում մեծ դերակատարում ունեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները. «Ֆեմեն կազմակերպությունը ուկրաինական, էն, որ աղջիկները դոշերը բացում են, իրենց ճղում են, էդ էլ է քաղաքացիական հասարակություն, ոմանց կարծիքով: Եթե դրանց էլ մենք պետք է խառնենք մեր ընտանիքների գործերին, ես էդ քաղաքացիական հասարակություն տերմինը չեմ հասկանում»:
Մանե Թանդիլյանը արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին հարցրեց, թե ընտանիքների հետ աշխատանքում մասնագիտացված ոստիկաններն ինչ հմտություններ պետք է ունենան եւ որտեղ պետք է վերապատրաստվեն: Փոխնախարարը պատասխանեց, որ այդ ոստիկանները պետք է տարբերվեն ոստիկանության այլ աշխատակիցներից՝ սկսած իրենց համազգեստից: Այդ ստորաբաժանման աշխատակիցները պետք է ունենան հոգեբանական կրթություն ունեցող, սոցիալական ծառայությունների ոլորտում կրթություն ունեցող անձինք, որ կարողանան իրենց պարտականությունները պատշաճ կատարել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ