Լրահոս
Օրվա լրահոսը

«2008-ին իշխանափոխությանը հինգ պակաս վիճակ էր, հիմա այդ ճանապարհը փակվեց». Դավիթ Հովհաննիսյան

Դեկտեմբեր 06,2017 15:51

«Չեք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը սահմանադրական փոփոխություններից 2 տարի հետո ևս պնդում է, թե իրենց մտահոգությունները, որ Սերժ Սարգսյանը սահմանադրություն փոխեց իր և իր թիմի վերարտադրության համար, ուժի մեջ են: Ըստ նրա՝ իրենց մտահոգությունների՝ ուժի մեջ լինելու ապացույցն է այն, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեից հետո ՀՀ-ում քաղաքական պայքարն ավարտվեց:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Դավիթ Հովհաննիսյանը մանրամասնեց. «Նախագահական ընտրությունները կարող էին փոփոխությունների շանս ստեղծել: Օրինակ՝ դրսից որևէ մեկը կարող էր այդպիսի փորձ կատարել: Կարող էր տեղի ունենալ այն, ինչ չեղավ 2008-ին, երբ շատ մոտ էր իշխանափոխությունը: Ժողովուրդը մոբիլիզացված էր, իշխանափոխությանը հինգ պակաս վիճակ էր: Բայց չեղավ մի շարք գործոնների պատճառով՝ իշխանության կարծրացած համակարգ, դրսի ուժեր: Այդ բոլոր հանգամանքներից ելնելով՝ իշխանությունը գնաց նրան, որ վերացվեն նախագահական ընտրությունները՝ չեզոքացնելով ներսի ու դրսի սպառնալիքները: Փաստորեն ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու ճանապարհը փակվեց: Եվ արդեն տեսանք, որ մի քանի խմբեր փորձեցին զինված ճանապարհով գնալ այդ փոփոխության»:

Հիշեցմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ինքը դեմ է սահմանադրական փոփոխություններին և ոչ էլ շարունակելու է մնալ իշխանության մեջ, Դավիթ Սարգսյանն արձագանքեց՝ դրանք ընդամենը PR տեխնոլոգիաներ էին. «Նա գիտեր իր՝ չափից ցածր հեղինակության մասին երկրում և փորձում էր փոփոխություններն իր անձի հետ չկապել: Երբ խոստանում էր, որ դրա արդյունքում ինքը չի շարունակի մնալ իշխանության մեջ, կամ որ ինքը դեմ է այդ փոփոխություններին, մտածում էր, թե այդ հայտարարություններից հետո ժողովուրդը գնալու և կողմ է քվեարկելու: Բայց արդեն ՀՀԿ-ից շատերն են մոռացել դա և հայտարարում են, որ որպես առաջնորդի Սերժ Սարգսյանին են տեսնում: Նախադեպեր ունենք, զարմանալի չէ, որ Սերժ Սարգսյանը կարող է խախտել իր տված խոստումը, և շատ հնարավոր է՝ հենց ինքն էլ զբաղեցնի վարչապետի պաշտոնը կամ որևէ անձ, որը կլինի իր մարիոնետը քաղաքական դաշտում»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ցավով նշեց, որ դատաիրավական ոլորտում ոչ մի փոփոխություն տեղի չի տեղի ունեցել. «Թող ոչ ոք չհամոզի, որ արդարության խորհուրդը փոխելով բարձրագույն դատական խորհրդով՝ ինչ-որ բան է փոխվելու: Ստեղծվելու է Երևանի առաջին ատյանի դատարան. վեց դատարանի փոխարեն կլինի մեկը, դա էլ զուտ արվում է՝ թվաբանական հաշվարկներից ելնելով, ոչ թե իրավական տեսանկյունից»:

Տիգրան Աթանեսյանը հուսահատված չէ և կարծում է, որ կարող ենք ունենալ ինքնուրույն դատավորներ, անհատներ, որոնք դատական համակարգում մթնոլորտ են փոխում և որոնց չի կարող որևէ դատախազ զանգել ու գոռալ նրանց վրա:

Ամփոփելով խոսքը՝ փաստաբանն ասաց. «Սա դասական սովետական սահմանադրություն է, որտեղ իրական և ձևական կենտրոնները կարող էին լինել տարբեր տեղերում»:

Հարցին՝ խորհրդարանական համակարգին անցումը կկայացնի՞ կուսակցական դաշտը ՀՀ-ում, քաղաքագետ Էդգար Վարդանյանը պատասխանեց, թե դրանք միմյանց հետ կապ չունեցող երևույթներ են. «Տարիներ առաջ հետազոտություն եմ կատարել և պարզվել էր, որ ավտորիտար երկրների մեծամասնությունը նախագահական կամ կիսանախագահական երկրներն են և հակառակը՝ դեմոկրատական երկրների զգալի մասը խորհրդարանական կառավարում ունեցողներն են: Դա չի նշանակում, որ եթե ուզում ես ժողովրդավար երկիր լինել, ուրեմն անպայման պետք է խորհրդարանական կառավարման համակարգն ընտրես: Եթե չունես դե ֆակտո ժողովրդավարական քաղաքական ռեժիմ, ուրեմն որևէ քաղաքական համակարգ այդտեղ չի աշխատելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031