ԱԺ-ում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց նախագիծը:
Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը ներկայացրեց ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախնական տարբերակից հետո փոփոխությունները այս նախագծում:
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ օրենքը նպաստում է ընտանիքում ավանդական արժեքների ամրապնդմանը. «Շատ դեպքերում ասում են՝ էդ ո՞րն է ավանդական արժեքը, ավանդական ընտանիքը: Դա դասական ընտանիքն է՝ հայրիկի եւ մայրիկի միության, որից ծնվում են առողջ երեխաներ, որոնք մեր հասարակության ապագան են»:
Սա վրդովեցրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին. «Ի վերջո կառավարությունը ունի՞ սահմանած մեր ընտանեկան ավանդույթների եւ արժեքների, կոպիտ ասած, ցանկը, որո՞նք են դրանք, որովհետեւ այնքան աբսուրդ բաներ ենք լսել: Նոր ԱԺ փոխնախագահը ձեւակերպում տվեց, դրանցից ստացվում է, որ այն ընտանիքը, որտեղ, օրինակ, տատիկն ու թոռնիկն են, կամ մայրն ու երեխան են, կամ երկու քույր են, դրանք ընտանիք չեն: Այսինքն, այսքան որ արծարծում եք՝ ավանդական ընտանեկան արժեքներ, մի հատ էդ ցանկը տվեք, մենք էլ ծանոթանանք՝ դուք ի՞նչ նկատի ունեք, տեսնենք մենք համաձա՞յն ենք, թե՞ համաձայն չենք»:
Վիգեն Քոչարյանը պատասխանեց, որ այդ եզրույթը օրինագծում կիրառվել է այն հատվածում, որտեղ ընդհանուր գաղափարախոսությունն է: Օրենսդրական ակտերը չեն կարող բառարանի դեր կատարել եւ յուրաքանչյուր հասկացության համար լայն մեկնաբանություններ սահմանել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ