Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության հայտարարությունը խմբակցության իրավունքները ապօրինաբար սահմանափակելու մասին

Դեկտեմբեր 06,2017 15:19

ԳՅՈՒՄՐԻ

Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցությունը 2017 թվականի հոկտեմբերի 27-ին, օրենքով սահմանված կարգով Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին ներկայացրել էր ՀՀ վարչապետին Գյումրու ավագանու անունից հղվելիք ուղերձի նախագիծ՝ ավագանու հերթական նիստի օրակարգում ընդգրկելու համար:

Ուղերձի նպատակը ՀՀ կառավարությունից 550 մլն դրամ սուբվենցիա խնդրել էր Գյումրու համայնքապատկան մանկապարտեզները Երեւանի համայնքապատկան մանկապարտեզների նմանությամբ անվճար դարձնելու նպատակով:

Չնայած այն հանգամանքին, որ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության ղեկավար Ա.Վարդանյանին 2017 թ. հոկտեմբերի 31-ին նամակով տեղեկացրել է, որ այդ նախագիծը կընդգրկվի 2017 թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգում Գյումրու ավագանու Մշակույթի, կրթության, սպորտի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաեւ Իրավական հարցերի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց եւ դրական եզրակացություն ստանալուց հետո, 2017 թ. նոյեմբերի 27-ին դրել է քննարկման բոլորովին այլ՝ Գյումրու ավագանու Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում եւ չի դրել քննարկման իր մատնանշած երկու հանձնաժողովների նիստերում:

Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում բուռն քննարկումներից հետո ուղերձի նախագիծը չի արժանացել դրական եզրակացության:Քվեները բաշխվել են հետեւյալ կերպ. կողմ՝ Արման Գրիգորյան («ԳԱԼԱ» խմբ.), Սուսաննա Աստոյան, Ռոման Սարգսյան (ԲՀԿ), Արմեն Տոնոյան («Բալասանյան» դաշինք), ձեռնպահ. Լուսինե Սանոյան, Կարեն Միքայելյան, Կարինե Թաթարյան («Բալասանյան» դաշինք), Հենրիկ Պողոսյան (ՀՎԿ): Ավագանու կանոնակարգի համաձայն՝ հանձնաժողովի նախագահ Լուսինե Սանոյանը, քվեների հավասար բաշխվելու պարագայում վճռական ձայնի իրավունքով որոշել է նախագիծը համարել դրական եզրակացություն չստացած:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի[1] 14 հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձեւավորվում է համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, …, կողմից աշխատակազմի քարտուղարին՝ նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացված գրավոր հարցերից, իսկ նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը պետք է նախապես քննարկվեն ավագանու իրավասու հանձնաժողովում եւ քննարկման արդյունքում ձեւավորված կարծիքը կցվում է ավագանու նիստի օրակարգի նյութերին: Սա նշանակում է, որ ավագանու նիստի օրակարգում նախագծերը ընդգրկվում են անկախ այն հանգամանքից, թե ինչ եզրակացություններ են տալիս ավագանու հանձնաժողովները: Նման սահմանափակում չկա նաեւ Գյումրու ավագանու կանոնակարգում[2]:

Գյումրու ավագանու դեկտեմբերի 6-ի նիստում օրակարգի նախագծի քննարկման ժամանակ աշխատակազմի քարտուղար Ռ.Ասատրյանը անհաջող փորձ արեց կամայական մեկնաբանել ուղերձի նախագիծը ավագանու նիստի օրակարգ չընդգրկելը, բացատրելով այն ԱԺ ընթացակարգերի համանմանությամբ, այնինչ, օրենքի անալոգիան կարող է կիրառվել համանման դեպքերում միայն այն պայմանով, երբ տվյալ ոլորտում իրավական կարգավորումը անորոշ է: Այս դեպքում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածը սպառիչ կարգավորում է ավագանու նիստի օրակարգի ձեւավորման ընթացակարգը, ըստ որի որեւէ հանձնաժողովի բացասական եզրակացությունը կամ դրական եզրակացության բացակայությունը չի կարող արգելափակել որեւէ որոշման նախագծի ներմուծումը ավագանու նիստի օրակարգ:

Վերոհիշյալ հիմքով Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցությունը հայտարարում է, որ ավագանու վերոհիշյալ ուղերձը ավագանու դեկտեմբերի 6-ի օրակարգում չընդգրկելը ապօրինություն է, մասնավորաբար, Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ինքնիրավչության հետեւանք: Այս ինքնիրավչությամբ փորձ է արվել սահմանափակել ավագանու ընդդիմադիր խմբակցության օրինական գործունեությունը:

Խնդիրը կարգավորելու նպատակով կոչ ենք անում Գյումրու քաղաքապետ Բալասանյանին.

1.Կարգի հրավիրել աշխատակազմի քարտուղար Ռ.Ասատրյանին, համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկել նրան վերոհիշյալ ինքնիրավչության համար:
2.Գյումրու ավագանու հաջորդ նիստի օրակարգում ընդգրկել Գյումրու «ԳԱԼԱ» խմբակցության խնդրո առարկա ուղերձի նախագիծը: (Ուղերձի մասին որոշման նախագիծը «ԳԱԼԱ» խմբակցության ղեկավարը երկրորդ անգամ հանձնել է Գյումրու քաղաքապետարանի ընդհանուր բաժին 2017 թ. դեկտեմբերի 06-ին, ժամը 12:50-ին:)

Գյումրու ավագանու անդամներին կոչ ենք անում պաշտպանել ՀՀ կառավարությանը հղվելիք այս ուղերձը (ուղերձի նախագիծը տեսեք այս հայտարարությանը կից) եւ միաժամանակ լրացուցիչ ջանքեր ներդնել Գյումրիում մանկապարտեզները անվճար դարձնելու համար այլ միջոցներ հայթայթելու ուղղությամբ:

Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցություն

Արմենուհի Վարդանյան

Քրիստինա Մկրտչյան

Արման Գրիգորյան

Լեւոն Բարսեղյան

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՂԵՐՁԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի, Գյումրի համայնքի ավագանու (այսուհետ՝ ավագանի) կանոնակարգի 15-րդ և 16-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղղված ուղերձի ընդունման մասին» որոշման նախագիծը՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է. 

1.Ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղղված ուղերձ՝ համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ք. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Կատարող՝

Ք.Մկրտչյան

 

Հավելված՝

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N -Ա որոշման

Հայաստանի Հանրապետությունում մանկապարտեզների մատչելիությունը տարբեր է: Մայրաքաղաքում, մեկ շնչին ընկնող համայնքային բյուջեի մեծության շնորհիվ մանկապարտեզներն անվճար են, մյուս բոլոր համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում, որտեղ կան համայնքապատկան մանկապարտեզներ՝ վճարովի, իսկ մոտ 500 համայնքներում համայնքապատկան մանկապարտեզներ ընդհանրապես չկան: Այս խտրականության հետևանքով առաջին դասարան գնացող երեխաների մի մասն ունենում է նախնական գիտելիքներ, մյուսները՝ ոչ, ինչը հետո հանգեցնում է ուսման առաջադիմության շոշափելի տարբերությունների՝ դրանից բխող հետևանքներով: Ներկայումս մոտ 46 տոկոս աղքատության մակարդակ ունեցող Գյումրի քաղաքում ծնողը պարտավոր է վճարել ամսական միջին հաշվով 7-8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ՝ որպես մանկապարտեզի ուսման վարձ: Գյումրիում սոցիալական դրության, աղքատության բարձր մակարդակի հանգամանքների բերումով հազարավոր ընտանիքների անվճարունակության պատճառով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ Գյումրու քաղաքապետարանի տվյալներով 1700 երեխա զրկված է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից: Գյումրու ավագանին, վերլուծելով ստեղծված դրությունը, համայնքային բյուջեի կարողությունը, գտնում է, որ ինքնուրույն հնարավորություն չունի վերացնելու Գյումրու մանկապարտեզահասակ երեխաների շրջանում այս խտրականությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում ենք ՀՀ պետական բյուջեի կամ այլ հնարավոր միջոցներից տարեկան 550 մլն Հայաստանի Հանրապետության դրամ սուբվենցիա հատկացնել Գյումրի համայնքին: Այդ հատկացման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել Գյումրու բոլոր մանկապարտեզահասակ երեխաների անվճար նախնական կրթությունը, մինչև Գյումրին տնտեսապես զարգանա, ինչի արդյունքում կաճի համայնքային բյուջեն և համայնքը կկարողանա ինքնուրույն հոգալ բոլոր երեխաներին անվճար նախնական կրթություն տալու ծախսերը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՂԵՐՁԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղղված ուղերձի ընդունման մասին» որոշման ընդունումը պայմանավորված է Գյումրի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու, նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախելը մատչելի դարձնելու և նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և դաստիարակության գործընթացը լիարժեք ապահովելու անհրաժեշտությամբ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՈՒՂՂՎԱԾ ՈՒՂԵՐՁԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2017ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղղված ուղերձի ընդունման մասին» որոշման ընդունմամբ Գյումրի համայնքի 2017 թվականի բյուջեում էական փոփոխություններ՝ ավելացումներ կամ նվազեցումներ, չեն նախատեսվում:

[1] https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=325

[2] https://www.gyumricity.am/Decision2016/Decision.10.11.2016/171.1.pdf

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031