Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղի՞ց էին ձեր ռեսուրսները, որ կարողանում էիք այդ ձայներն ապահովել». Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 15:04

ԱԺ-ում 2018-ի բյուջեի վերջնական տարբերակի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի քննադատություններին:

Փաշինյանն ասել էր, որ այս իշխանություններն ուզում են, որ ՀՀ քաղաքացիները 10 հազար դրամին «կակա» ասեն, քանի որ եթե լավ ապրեն, 10 հազար դրամի հետեւից չեն վազի եւ ՀՀԿ-ի օգտին չեն քվեարկի:

Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ կառավարությունը, երբ դեռ նոր էր եկել, լավ ուղերձներ էր հղում հանրությանը՝ տնտեսության ազատականացում, կոռուպցիայի կրճատում, մինչդեռ զրո արդյունք է ցուցաբերել. «Այս կառավարությունը չունեցավ քաղաքական խիզախություն, որ կտրի այն արատավոր ճյուղը, որի վրա հանգիստ նստած են տնտեսական մոնոպոլիստները, ովքեր անընդհատ անբարեխիղճ դեմպինգ են անում, որ որեւէ մեկ այլ անձ, ով չի պատկանում այս կլանին, մտնի այդ տնտեսական շուկա, որովհետեւ այդ ճյուղի վրա նստեցին իրենք եւ իրենց նեղ թիմի ներկայացուցիչները»:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի, ընդդիմադիրները նման ելույթների համար ճիշտ ժամանակը չեն ընտրել, կամ նախընտրական, կամ հետընտրական շրջանում սա պիտի որ ասեին: Նա հիշեցրեց, որ ԱԺ մտած նույն ընդդիմադիրները գոհունակություն էին արտահայտում, երբ հաղթահարել էին շեմը ԱԺ մտնելու. «Ընտրությունների ժամանակ որեւէ քաղաքական ուժի կողմից, որեւէ վստահված անձի կողմից, որեւէ հանձնաժողովի անդամի կողմից չի եղել որեւէ բողոքարկում, մի քանի դիտորդների կողմից է եղել, հետընտրական որեւէ պրոցեսներ, ցույցեր չեն եղել, ընդամենը եղել է մեկ դիմում Սահմանադրական դատարան՝ՀԱԿ խմբակցության անունից: Այսինքն՝ բոլորը գոհ էին իրենց արդյունքներից»:

Իսկ ինչ մնում է ընտրակաշառքներին, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ես խնդրում եմ բոլորդ ի նկատի ունեցեք, նորից մոնիտորինգ արեք եւ տեսեք, թե ում ռեսուրսներն ինչքան էին, և որտեղից էին այդ ռեսուրսները: Եթե դուք խոսում եք իշխանական ռեսուրսների մասին, այդ դեպքում որտեղի՞ց էին ձեր ռեսուրսները, որ կարողանում էիք այդ ձայներն ապահովել»:

Ըստ Վահրամ Բաղդասարյանի, եթե որեւէ քաղաքական ուժ ցանկանում է մասնակցել երկրի զարգացմանը, կարող է 15 մլրդ դրամի ներդրում կատարել եւ իրենք՝ իշխանությունները պարտավորվում են, որ այդ 15 մլրդ-ի կամ մյուս ներդրումների վերահսկողությունը ստանձնեն հենց ընդդիմադիրները: Երկրի զարգացման համար, ըստ նրա, աթոռը կապ չունի, թող ներդրում անեն ու վերահսկեն:

Նա հայտարարեց, որ այս բյուջեն կայունացման բյուջե է, նպատակային, իրատեսական եւ հետեւողական: Եթե նույնիսկ կառավարությունը շատ գեղեցիկ բյուջեի նախագիծ բերեր ներկայացներ՝ չէին ընդունելու, քանի որ դա իրատեսական չէր լինի, մենք դրա ռեսուրսները չունենք: Այնպես որ, ՀՀԿ-ն նախընտրում է դառը իրականությունը, Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ չափազանցված թվեր չկան, ինչ գրել են՝ իրատեսական է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031