Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին քիմպրոմցիները համաձայն են, որ 130 միլիոնի փոխարեն իրենց վճարեն 65 միլիոն (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2017 14:37

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցների 2011 թվականի 4 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկը դեռեւս վճարված չէ: 153 աշխատակիցներ շուրջ 6 տարի է՝ հույսով սպասում են իրենց աշխատանքի արդյունքին, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվել:

«Քանի էս իշխանությունն ու պետությունը գոյություն ունի, հույս էլ չկա, որ կտան մեր գումարները: Նամակ ենք գրում, կամ չեն տեսնում, չեն լսում, կամ էլ մեզ մարդատեղ չեն դնում: Ինչքան ներվերներս կհերիքի, դեռ էդքան էլ շարունակելու ենք, մեր քրտինքի արդյունքը ուզենք»,- ասում է ընկերության նախկին աշխատակից Լենդրուշ Կիրակոսյանը:

Ընկերության աշխատակիցները վերջին հույսը մարզի ղեկավարի հետ են կապում: Այսօր նրանք կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց, հանդիպելու մարզպետ Արթուր Նալբանդյանին:

-Հերթագրել են, ասել են տալու ենք: 77 տարեկան եմ արդեն, եսիմ ողջ կլինեմ, չեմ լինի, եսիմ ե՞րբ կտան էդ փողերը: Թոշակով ենք պատրաստվում Նոր տարվան, հույսներս մենակ դա է: Գոնե տան՝ նորմալ Նոր տարի անենք, – ասում է Վանիչկա Պողոսյանը:

Մարզի ղեկավարը լսելով աշխատակիցների դժգոհությունը՝ հետաքրքրվեց. «Դուք ներքին պայմանավորվածություն ունեք, որ մայր գումարը տան, եւ այլեւս պարտք, պահանջ չունեն: Այդ ներքին պայմանավորվածությունը որեւէ մի տեղ երեւո՞ւմ է»:

Աշխատակիցներն էլ տեղեկացրեցին, որ իրենք ունեն նման պայմանավորվածություն, որը գրված է թղթի վրա. «Մենք նամակի ձեւով գրեցինք, որ անգամ համաձայն ենք, որ հետ կանգնենք մնացած գումարից»,-որից հետո մարզպետը շարունակեց. «Ես տեղյակ եմ, որ նախագահի հանձնարարականով, վարչապետը զբաղվում է այս հարցով: Ամսի 8-ին 3,4 հոգով եկեք ինձ մոտ, կարող է ես ձեզ պատասխան կարողանամ տալ: Իսկ, եթե պատասխան չունենամ, կխնդրեմ մի քանի օր եւս,  նորից կպատասխանեմ»:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ ընկերությունը 153 աշխատակցի պարտք է շուրջ 130 միլիոն դրամ: Այժմ քիմպրոմցիները համաձայն են, որ իրենց վճարեն միայն մայր գումարը, որը կազմում է 65 միլիոն դրամ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031