Լրահոս
Օրվա լրահոսը

Դանդաղելու ժամանակ չունենք, պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար. Արա Բաբլոյան

Դեկտեմբեր 06,2017 14:14

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը «ՀՀ 2018 թվ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ

«Հարգելի պատգամավորներ,

կառավարության հարգարժան անդամներ,

կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական փաստաթուղթ է: Եւ դրա շուրջ ծավալվող դժվարին ու պատասխանատու քննարկումները, որոնք վերաբերում են մեր երկրի զարգացման հեռանկարին, բնականաբար, տնտեսականից ու սոցիալականից բացի, նաեւ քաղաքական են:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին` շահագրգիռ քննարկման ու ակտիվ դիրքորոշումների համար:

Շնորհակալ եմ նաեւ կառավարության ներկայացուցիչներին` վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության եւ ներդաշնակ աշխատանքի համար:

Երկրի հերթական բյուջեի հերթական քննարկումը եւս մեկ հնարավորություն ու առիթ է` խոսելու առկա խնդիրների, մարտահրավերների, դրանց հաղթահարման ու լուծումների մասին: Բոլորս էլ գիտակցում ենք, որ դանդաղելու ժամանակ չունենք, ուստի անհրաժեշտ է լինել ավելի հետեւողական ու սկզբունքային: Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշելու, մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլեւս հետեւում է, թե մենք զսպեցինք այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետեւանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է եւ այլն:

Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար:

Հարգելի գործընկերներ,

իհարկե, անհնար է ելույթի համար հատկացված ժամանակի շրջանակում ամբողջությամբ անդրադառնալ 2018 թվականի պետական բյուջեի մասնագիտական բազմաթիվ նրբություններին: Բայց միանշանակ կարող եմ նշել, որ, մեծ հաշվով, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հստակ ասում է. եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջեւ եւ ընդունենք, որ այս պահին այսքա’նն է մեր հնարավորությունների սահմանը:

Բայց այն նաեւ ասում է, որ մեր ունեցածը պետք է այնպես ծախսել, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ մեր ուժերի սահմանները ինքներս ենք մեծացրել:

Անկեղծորեն պիտի ասեմ, որ 2018 թվականի բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ եւ ոգեւորում է, եւ ինչ-որ չափով անհանգստացնում:

Ոգեւորում է, քանի որ տեսնում եմ տնտեսական վերելքին միտված հստակ ծրագիր, տեսնում եմ պաշտպանության ոլորտի ամրացման անթաքույց կամք եւ, վերջապես, տեսնում եմ իրերն իրենց անունով կոչելու եւ վարդագույն ակնոցներին չապավինելու ձեռագիր:

Սրանք ես տեսնում եմ շատ հստակ, եւ դա ինձ ոգեւորում է:

Բայց ես տեսնում եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, մասնավորապես կրթության ու առողջապահության հանդեպ: Ու թեեւ ես շատ լավ հասկանում եմ, որ այն, ինչ հիմա մենք անում ենք, մեծացնելու է վաղվա մեր հնարավորությունները նույն սոցիալական, կրթության ու առողջապահության ոլորտներում թռիչք ունենալու համար, միեւնույն է, կարծում եմ, որ մենք հետագայում ավելի լրջորեն պետք է աշխատենք` այս ոլորտների ֆինանսավորումն առնվազն չնվազեցնելու, այլ ավելացնելու ուղղությամբ:

Այո, պետբյուջեի նախագծով որոշակիորեն կրճատվում է առողջապահության ֆինանսավորումը: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ այսօր կորցրածը վաղը շատ դժվար կամ գրեթե անհնար է վերականգնել: Այս ոլորտում բարեփոխումները, օպտիմալացումը, որոնց նպատակը բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելը, համակարգն ավելի արդիական ու ճկուն դարձնելն է, չպետք է անցանկալի ազդեցություն ունենան բնակչությանը մատուցվող ծառայությունների վրա: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ, գիտակցելով, որ ֆինանսների կրճատումը կարող է բացասաբար անդրադառնալ թե’ քաղաքացու առողջության եւ թե’ առողջապահության համակարգի վրա, կառավարությունը կարողացել է գտնել խնդիրը կարգավորելու ճանապարհներ: Արդյունքում, 2018 թվականի պետբյուջեի ներկայացված վերջնական տարբերակում, նախագծի առաջին տարբերակի համեմատ, էականորեն` 4 մլրդ դրամով, ավելացվել է առողջապահական ոլորտի ֆինանսավորումը:

Հարգելի գործընկերներ, պարզ է, որ 2018 թվականի պետական բյուջեն, բնականաբար, չի կարող իր մեջ տեղավորել բոլոր ցանկությունները: Այստեղ է, որ տարակարծություններ, տեսակետների ու դիրքորոշումների բախում են առաջանում քաղաքական ուժերի, պատգամավորների ու կառավարության ներկայացուցիչների միջեւ: Սակայն հասկանալի է, որ բոլոր հարցերը միանգամից լուծելը, մեղմ ասած, դժվար է, շատ անգամ` անհնար: Հետեւաբար, պոպուլիզմը որեւէ կերպ ընդունելի չէ, որովհետեւ այն կարող է հանգեցնել նաեւ սոցիալական աղետի: Պետք է գնալ իրատեսության, գերակայություններին նախապատվություն տալու ճանապարհով:

Հուսով եմ` մենք կկարողանանք, հեռատեսություն ու սթափություն դրսեւորելով, ընդունել պետական բյուջեի առավել օպտիմալ տարբերակ: Դրանով իսկ կառավարությանը հնարավորություն կտանք իրագործել նախատեսված ծրագրերը, հասնել տնտեսության կայուն աճի, որպեսզի խոսքը վերածվի գործի, գործն էլ իր հերթին դառնա արդյունք:

Կոչ եմ անում կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին»:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031