Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիրքը մեր երկրորդ տունն է»

Դեկտեմբեր 06,2017 13:44

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը:

Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

Ավելի քան մեկուկես տարի է, ինչ Ցոլակը ծառայում է Պաշտպանության բանակում, կատարում դիրքապահի պարտականությունները և այդ ընթացքում հասցրել է բավականին փորձառություն ձեռք բերել:

Ցոլակ Դերենիկի Դիլանյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 16-ին Արարատի մարզի Արևշատ գյուղում: Դեռ աշակերտ էր, երբ ընտանյոք տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն: Սակայն Ցոլակը ոմանց պես այն առիթ չի դարձրել ծառայությունից խուսափելու համար, չնայած դրա հնարավորությունն ուներ: «Առաջին հերթին հայրենիքում ծառայելու նպատակով եմ վերադարձել: Չնայած մարտահրավերներին` մեր երկիրը միշտ էլ նախընտրելի է բոլորից»,- համոզված է կրտսեր սերժանտ Դիլանյանը:

«Զինծառայությունը մարտական դիրքերում ընթանում է սահմանված կարգով: Իմ անձնակազմի մարտական ոգին ամուր է, և պետք է շեշտեմ, որ օրեցօր ավելի ենք կոփվում, վստահություն ձեռք բերում սեփական ուժերի նկատմամբ` ցանկացած պահի պատրաստ գտնվելով հակառակորդին հակահարված տալու: Կարևորելով դիրքերի ինժեներական կահավորվածությունը` ամեն հերթափոխի ժամանակ փորձում ենք ինչ-որ բան ավելացնել, կահավորել դիրքերը, որպեսզի անձնակազմի համար մարտական հերթապահության իրականացումն ավելի անվտանգ դառնա, իսկ մարտ վարելու ընթացքում` ավելի հարմար»,- ասում է կրտսեր սերժանտ Ց. Դիլանյանը` վստահեցնելով, որ այսուհետ ևս պատրաստ են պատասխանատվությամբ կատարելու իրենց պարտականությունները:

Իմ այն հարցին` ինչպե՞ս է հաջողվում հաղթահարել զինծառայության և դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում բազում խնդիրները` Ց. Դիլանյանը պատասխանում է. «Առաջին հերթին պետք է ասեմ, որ ոչ միայն բանակում, այլ նաև քաղաքացիական կյանքում կան բազմաթիվ խնդիրներ: Իմ կարծիքով դրանք կոփում են մարդու կամքը, նրան դարձնում ավելի փորձառու: Ինչ վերաբերում է դրանց հաղթահարմանը, ապա դա հնարավոր է դառնում բոլորիս՝ հրամանատարի ու զինվորի միասնական ու միակամ ջանքերի արդյունքում»:

Կրտսեր հրամանատարը սեփական տեսակետն ու հիմնավորումն ունի նաև զորամասի մշտական տեղակայման վայրում և դիրքերում ծառայելու վերաբերյալ: Կարծում է, որ դիրքում ծառայելն իր և ընկերների համար ավելի նախընտրելի, ավելի հոգեհարազատ է, քան զորամասում:

«Պատվաբեր լինելուց բացի, կա ևս մի հանգամանք, որն, այսպես ասած, նախընտրում են տղաները: Բանն այն է, որ այստեղ ավելի բարձր է մեր ինքնուրույնության մակարդակը` սկսած ճաշ եփելուց, որը մենք տեղում ենք պատրաստում, մինչև անգամ անհրաժեշտության դեպքում թշնամու նկատմամբ իրականացվող գործողությունները: Բացի դրանից` հենց այստեղ ես իսկական զինվորական դառնում,- նշում է կրտսեր սերժանտ Ց. Դիլանյանն` ավելացնելով,- դիրքում ծառայելու յուրահատկություններից ու դրական կողմերից մեկն էլ այն է, որ այստեղ շատ ջերմ են զինծառայողների փոխհարաբերությունները` այնպես, ինչպես ընտանիքում: Իսկ դիրքը պարզապես մեր երկրորդ օջախն է դարձել, որտեղ ընկերական հարաբերություններով հանդերձ յուրաքանչյուրն ունի հստակ անելիքներ»:

Այն հարցին, թե արդյոք դժվար չէ այդպիսի ջերմ փոխհարաբերությունների պայմաններում կատարել դիրքի ավագի պարտականությունները` պատասխանում է. «Իրոք, պետք է խոստովանել, որ հրամանատարի պարտականությունները կատարելն այնքան էլ հեշտ գործ չէ, բայց կարողանում եմ ամենայն պատասխանատվությամբ իրականացնել այն, որին օգնում է նաև հստակ կանոնակարգով ղեկավարվելը: Մյուս կողմից՝ ինչպես ընկերական միջավայրում, այնպես էլ դիրքի ավագը հանդես է գալիս որպես ավագ ընկեր, որը թույլ է տալիս առանց լուրջ խոչընդոտների կազմակերպել մարտական հերթապահությունը: Կա մի հանգամանք ևս. դա բոլորի մոտ տիրապետող այն գաղափարի հստակ գիտակցումն է, որ մեր առաքելությունը մեր հայրենիքի պաշտպանությունն է, սահմանի այն հատվածի պաշտպանությունը, որը վստահված է մեզ»,- ասում է կրտսեր սերժանտ Դիլանյանը` կոչ անելով բոլոր զինծառայողներին պատվով կատարել հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031