Լրահոս
Օրվա լրահոսը

Բրյուսելում տեղի ունեցավ հայ-բելգիական գործարար համաժողով

Դեկտեմբեր 06,2017 13:22

Դեկտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունեցավ «Նոր հնարավորություններ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպել էր Բելգիայում ՀՀ դեսպանությունը և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցչի գրասենյակը` Հայ-բելգիական առևտրի պալատի հետ միասին, Վալոնիայի արտահանման ու ներդրումների, Ֆլանդրիայի ներդրումների ու առևտրի գործակալությունների և Ագորիա գործարար ակումբի հետ համագործակցաբար:

Համաժողովին մասնակցում էին նաև ԵՄ կառույցների պաշտոնյաներ, “EU4Business” նախաձեռնության, Բրյուսելում ՎԶԵԲ գրասենյակի ու շուրջ չորս տասնյակ բելգիական և հոլանդական ընկերությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր բացման խոսքում նշեց, որ հայ-բելգիական հարաբերությունների ներկա մակարդակն ու դինամիկան նպաստում են տարբեր ոլորտներում փոխշահավետ գործակցության զարգացմանը, այդ թվում՝ առևտրի, գիտության, ներդրումների, զբոսաշրջության և այլն:

Դեսպանը նաև հավելեց, որ Բելգիան ավանդաբար եղել է հայկական ապրանքների արտահանման կարևոր ուղղություններից մեկը, և Հայաստանը հետաքրքրված է ընդլայնել իր ներկայությունը բելգիական շուկայում: Դեսպանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագիրը, որը նոյեմբերի 24-ին ստորագրվեց Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, ինչպես նաև մի շարք կարևոր ոլորտային այլ համաձայնագրեր նպաստում են Հայաստանում՝ բելգիական ու այլ ձեռնարկությունների կողմից գործունեություն ծավալելու համար առավել կայուն միջավայրի ձևավորմանը: «Մենք խրախուսում ենք բելգիական ընկերություններին ուսումնասիրել ներդրումային հնարավորությունները Հայաստանում և մասնակցել ներդրումային ծրագրերին»,- նշել է դեսպան Մարգարյանը:

Համաժողովի ընթացքում ելույթներ ունեցան Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ԱՊՀ երկրների բաժնի ղեկավար Պ. Սուրմելիսը, ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների Նախարարության Ներդրումների ներգրավման վարչության պետ Վահագն Լալայանը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի առաջին փոխնախագահ Մեխակ Ապրեսյանը, Հայ-բելգիական առևտրի պալատի պատվավոր նախագահ Բ. Կուլին, «Սմարթգեյթ» ընկերության հիմնադիր գործընկեր Ա.Արզումանյանը, Հայաստանի Զարգացման Հիմնադրամի ներդրումների հարցերով տնօրեն Ա. Հովհաննիսյանը և ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը:

Պ. Սուրմելիսը ներկայացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և Ընդլայնված Գործընկերության Համաձայնագրի տնտեսական բաղադրիչը և այն տարրերը, որոնք ուղղված են նոր ներդրումների ներգրավմանը և արտահանման խրախուսմանը: Վ. Լալայանն իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությանն ու ներդրումային հնարավորություններին: Բ. Ենգիբարյանը ներկայացրեց Բելգիայի հետ իրականացվող աշխատանքների առաջընթացը, մասնավորապես, 5G կապի ոլորտում տարվող հայ-բելգիական համատեղ աշխատանքները, ինչպես նաև ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունն ու ներդրումային հնարավորությունները: Մ. Ապրեսյանի կողմից ներկայացվեցին զբոսաշրջության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև հայ-բելգիական գործակցության ներուժը:

Այնուհետև, ներկա գործարարների մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ ծավալվեցին: Մի շարք բելգիական ընկերությունների հետ քննարկվեցին նրանց առանձին ծրագրերն ու նախագծերը, ձեռք բերվեցին առաջիկայում Հայաստան այցելելու պայմանավորվածություններ:

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ հայկական գինիների և «Արարատ» կոնյակի համտես-վաճառք:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031