Հայաստանում սպառողական գները շարունակում են աճել։ Ամանորի տոներին ընդառաջ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը Հայաստանում դարձել է ավանդույթ։ Բայց այս տարին նախորդներից տարբերվում է, քանի որ 25 օրից ուժի մեջ կմտնեն Եվրասիական տնտեսական միության մի շարք նոր կարգավորումներ, որոնց արդյունքում մոտ 800 ապրանքների մաքսատուրքը, երրորդ երկրներից ներկրելու դեպքում, բարձրանում է։
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի արդյունքում արձանագրեց, որ երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում հնդկական ընկույզի մեկ կիլոգրամը վաճառվում է 10 հազար դրամով, սովորական տեղական ընկույզը՝ 6000-9000 դրամով։ Բացի այս՝ ամանորյա սեղանին դրվող նուշի մեկ կիլոգրամը վաճառվում է 10 հազար դրամով, պնդուկը՝ 5000 դրամով, պիստակը՝ 7000-ից 10000 դրամ, գետնանուշը՝ 1400 դրամով, չամիչը՝ 1400- ից 1600 դրամով։ Կարագի գնաճը Հայաստանում կազմել է ավելի քան 40 տոկոս։ Ի դեպ, ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ կարագի գնի բարձրացումը կապված է միջազգային շուկայում տեղի ունեցող երեւույթների հետ։ Նոր զելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4430-ից 4480 դրամով, «Անքոր» տեսակի կարագի մեկ կիլոգրամը վաճառվում է 4550 դրամով։ Առաջին անհրաժեշտության սննդատեսակներից ձուն եւս թանկացել է, մեկ հավկիթը ներկայումս վաճառվում է 75 դրամ։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բարձր գնաճ արձանագրվեց նաեւ մսամթերքի շուկայում։ Խոսքը ոչխարի, խոզի եւ տավարի մսի թանկացումների մասին է։ Ի դեպ, որքան մոտենում է Ամանորը, այնքան միսն ու մսամթերքն ավելի են թանկանում։ Ըստ առեւտրականների՝ խոզի մսի գինը Ամանորի նախաշեմին 3500 դրամից բարձր կլինի։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում