2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր ընթերցվեց Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ գայլի» մեղադրական եզրակացությունը, որն ամբաստանյալները բղավոցներով ընդհատեցին:
Ազատամարտիկն էլ չցանկացավ այն լսել եւ «հեքիաթ» որակեց: «Հեքիաթ է՝ հեքիաթ անվանեք, ու լսեք, դա ընթացակարգ է»,-արձագանքեց դատավոր Մակյանը:
«Մանուկյանը եւ Խանդոյանն ավելի շատ արյուն են թափել, քան ձեր խմած կաթը»,-գոռաց ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանը:
Տեւական ժամանակ դահլիճում բղավոցները չէին դադարում: Ամբաստանյալները դատարանին մեղադրում էին կամակատար լինելու, իսկ իշխանություններին՝ ժողովրդի կյանքը խեղելու մեջ: «Դպրոցները փակվում են, մանկապարտեզները փակվում են»,-գոռում էր Արայիկ Խանդոյանը:
Դատավորն ընդմիջում հայտարարեց, որպեսզի լարված իրավիճակը հանդարտվի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ