Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ընդունակ չէ արդար մրցակցության. Ցավոտ հարված Մոսկվային. «Ժամանակ»

Դեկտեմբեր 06,2017 12:09

Ռուսաստանի հավաքականը հեռացվել է Հարավային Կորեայի Փխենչխան քաղաքում անցկացվելիք 2018-ի ձմեռային օլիմպիադայից: Նման աննախադեպ որոշում կայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն` երեկ ուշ երեկոյան Լոզանում անցկացված դռնփակ նիստում, որտեղ լսվել են միանգամից երկու համապարփակ զեկույցներ` ռուսական դոպինգային սկանդալի թեմայով: Սա օլիմպիական պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մի ամբողջ երկիր հեռացվում է խաղերից: Սա աննախադեպ հարված է Ռուսաստանի միջազգային հեղինակությանը, որը ոչ միայն ստվերում է այդ երկրի մարզական հաջողությունները, այլև կասկածի տակ է դնում նրա միջազգային հեղինակությունը` բառի համապարփակ իմաստով:

ՄՕԿ գործկոմի երեկվա որոշումը Ռուսաստանը նույնացնում է կեղծիքի, պետական մասշտաբով կազմակերպված մանիպուլացիայի հետ` ապացուցելով, որ այդ երկիրն ի վիճակի չէ հաղթանակ տանել արդար մրցակցության պայմաններում: Տվյալ դեպքում` խոսքը վերաբերում է սպորտին, սակայն ինքնին հասկանալի է օլիմպիադայի հսկայական միջազգային նշանակությունը, ըստ այդմ` Ռուսաստանի մասին հետևությունները, պատկերացումները համապարփակ են` չսահմանափակվելով միայն սպորտով, ավելի շուտ` սպորտի միջոցով տարածելով բոլոր բնագավառների վրա, մանավանդ, որ Մոսկվան մանիպուլացիաների միջոցով փորձել է միջամտել նաև ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին, արևմտյան մի շարք երկրների ընտրական գործընթացներին:

ՄՕԿ-ի հետաքննող հանձնաժողովի նախագահ Սամուել Շմիդն ասել է, թե օլիմպիական պատմության մեջ դեռևս չի եղել մանիպուլացիայի և խաբեության նման դրսևորում, մասշտաբ: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն որակազրկված է, սպորտի նախկին նախարար, ներկայումս Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոն և Սոչիի 2014թ-ի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշենկոն, ով ներկայումս «Գազպրոմ-Մեդիայի» ղեկավարն է, ցմահ որակազրկել են բոլոր օլիմպիադաներից: ՄՕԿ հակադոպինգային հետաքննությունների բոլոր ծախսերը` 15 միլիոն դոլար, պետք է հատուցի Ռուսաստանը: Սակայն սրանով ռուսական նվաստացումը չի սահմանափակվում:

 

Սարգիս Արծրունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031